News

Մեկնարկում է«Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը

Հայ Կրթական Հիմնարկությունը համագործակցելով Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ, մեկնարկում է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը՝ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում:

ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով, ծրագրի ընթացքում, որը կօգնի մասնակիցներին ուղղորդել դեպի ինժեներական եւ պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն, աշակերտները կմշակեն ինժեներական նախագծեր եւ պրոդուկտներ:

«Կրթական ծրագրի նպատակն է բարձրացնել ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրությունն ավագ դպրոցի աշակերտների շրջանում՝ տրամադրելով նրանց գործնական ուսուցման կիրառմամբ արդիական եւ մրցունակ ինժեներական հմտություններ»,- ընդգծել է նա:

Ամալյա Եղոյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում կպատրաստվի հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով, իսկ դասավանդողները կընտրվեն երկրում գործող ինժեներական ընկերություններից։

«Ստեղծված իրավիճակում բոլորիս առաջ պետք է լինի մեկ նպատակ՝ Հայաստանի զարգացումը: Մեր տեսլականն այս հարցում այն է, որ ինժեներական կրթությունը Հայաստանի զարգացման կարեւորագույն ուղղություններից է, այդ նպատակով մեկնարկում ենք «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը»,- նշել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը:

«Հայ Կրթական Հիմնարկության դոնորները երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին կարեւորում են կրթական նման նախաձեռնությունները, հույս հայտնելով, որ նոր սերնդին կրթելը լավագույն ներդրումն է Հայաստանի ապագայում»,- հավելել է Հայ Կրթական Հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Հերմինե Փախչանյանը:

Հայ Կրթական Հիմնարկության կողմից ֆինանսավորվող ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել հետեւյալ հայտադիմումը մինչեւ ս․թ․ փետրվարի 28-ը, ժամը 23։59։Դասընթացների մեկնարկը նախատեսված է մարտի 8-ին։

Ծրագրին, որի դասընթացավարներն ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետներ են, կարող են դիմել Շիրակի մարզի ավագ դպրոցների 11-րդ դասարանի այն աշակերտները, որոնք ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ եւ փորձ հետեւյալ ուղղություններում․

  • Ծրագրային ճարտարագիտություն (Software Engineering). Python; Մեքենայական ուսուցում (Machine Learning)
  • Մեքենաշինություն (Mechanical Engineering). 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում
  • Էլեկտրատեխնիկա (Electrical Engineering). էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում եւ իրականացում
  • Արտադրանքի մշակում(Soft Skillset). նախագծերի կառավարում, թիմային աշխատանք

Մասնակիցների ընտրությունը տեղի կունենա մաթեմատիկայի գրավոր թեստի եւ հարցազրույցի միջոցով, որի ժամանակ կստուգվեն դիմորդների տրամաբանությունը եւ ինժեներական ոլորտի հանդեպ հետաքրքրությունը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՏՏԿ՝ զանգահարելով +37494034034

Share