News

FAST-ը մեկնարկել է «Հաջորդ սերնդի խորհրդի» անդամների հավաքագրումը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հրավիրում է երիտասարդ գիտնականներին, տեխնոլոգիաների գծով մասնագետներին ու ձեռնարկատերերին միանալ «Հաջորդ սերնդի խորհրդին» (NextGen Council)։

2017 թվականից սկսած՝ «Հաջորդ սերնդի խորհուրդը» ողջ աշխարհից միավորում է տաղանդավոր երիտասարդներին` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական եւ ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում ու դրա
սահմաններից դուրս:

Խորհրդի առաքելությունը Հայաստանի եւ հաջորդ սերնդի հայ գիտնականների, նորարարների ու ձեռնարկատերերի միջեւ ամուր
կապի ստեղծումն է:

«NextGen» խորհրդի հաջորդ կազմի համար FAST-ը մշակել է նոր մոտեցում, որը հնարավորություն կտա խորհրդի անդամներին
անմիջականորեն ներգրավվել հիմնադրամի գործունեության մեջ, համատեղ մշակել եւ իրականացնել FAST-ի ծրագրերը, ինչպես նաեւ
հանդես գալ սեփական նախագծերով։

Համագործակցելով ակադեմիական եւ հետազոտական հաստատությունների, ինչպես նաեւ ձեռնարկատիրական համայնքների
հետ՝ «NextGen»-ի անդամներն առանցքային դեր կստանձնեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում հայ եւ համաշխարհային
տաղանդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

Խորհրդին անդամակցելու համար կարող են դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող այն հայ գիտնականները, տեխնոլոգիաների գծով մասնագետներն ու ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում գիտատեխնիկական ոլորտի զարգացման գործում:

Մասնակցության չափանիշներին եւ դիմելու ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար հետեւեք հղմանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ.-ի ապրիլի 1-ն է:

Share