News

Վերջապես կունենանք ԱԹՍ օդանավակայան. Դրամահավաքը հաջողությամբ ավարտվել է

Անօդաչու թռչող սարքերի օդանավակայան ունենալու ուղղությամբ տարվող ջանքերն այժմ առավել շոշափելի արդյունք կունենան։ Հիշեցնենք՝ StartHub Armenia-ն ավելի վաղ հայտնել էր՝ Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ-ների թռիչքուղի կառուցելու նպատակով մեկնարկած դրամահավաքի մասին։

Այսպիսով, դրամահավաքն ավարտվել է. անհրաժեշտ գումարը հավաքվել է։ Դրամահավաքին մասնակցել է 2745 անձ։ 20 օրում հանգանակվել է 111 հազար դոլար և շուրջ 1 միլիոն 565 հազար դրամ։

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամից Արսեն Հարությունյանի խոսքով՝ սա անհավանական արդյունք է։

«Սա հերթական ապացույցն է այն բանի, որ համագործակցությունն ու միասնականությունը անհավանական արդյունքներ կարող են ունենալ, և սա է միակ ճանապարհը, որ մեզ ու մեր երկիրը կարող է ավելի լավը դարձնել», – ասում է Հարությունյանը։

Հիշեցնենք՝ դրամահավաքը կազմակերպվել էր ԱՏՁՄ-ի, Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և «Ստարտափ Արմենիա»-ի համագործակցությամբ։ Լոռվա մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ թռիչքուղի, որը դրամահավաքի միջոցով հավաքագրված միջոցների շնորհիվ կդառնա ԱԹՍ օդանավակայան։

Կարեն Վարդանյանի անվան ԱԹՍ օդանավակայանը կծառայի որպես ՀՀ-ում գործող և ապագայում մեկնարկվող ԱԹՍ խմբակների և մասնագիտական ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն համապարփակ ինժեներական գիտելիքներ և անհրաժեշտ գործնական հմտություններ։ ԱԹՍ օդանավակայանը հիմքեր կստեղծի կենսական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացման և նորարարական մշակույթի տարածման գործում, կնպաստի մեր ազգային անվտանգության ամրապնդմանը։

Share