News

ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկում ընդգրված հայկական ստարտափները կիսվել են իրենց հաջողության գաղտնիքներով

Forbes-ի՝ ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկում ընդգրկված հայկական DISQO և ServiceTitan ընկերությունները կիսվել են իրենց հաջողության բանաձևով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ թիմի հաջողության համար կարևոր է աշխատակիցների գոհունակությունը և թիմային աշխատանքը։

DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը կարծում է, որ մարդիկ ցանկացած ընկերության աճի կենտրոնական սյունն են։ Աշխատակիցների գոհունակությունը նախ և առաջ կարևոր է յուրաքանչյուր ընկերության և թիմի հաջողության համար։ Նրա խոսքով՝ երբ թիմակիցդ ինքնաբավ և երջանիկ է աշխատավայրում, նրան խանգարող հանգամանքներ չկան, իր ուժերի առավելագույնը փորձելու է սեփական տաղանդի բացահայտման համար: Այսպիսի գոհունակությունը հաճախ պայմանավորված է հիմնային արժեքներով՝ վստահություն, գնահատված աշխատանք, աջակցություն թիմի կողմից, թափանցիկ հաղորդակցություն, գլոբալ ազդեցություն ընկերության հաջողության մեջ և այլն։ Այս առանցքային հիմքերով էլ ձևավորվում է թիմի ու ընկերության մշակույթը, որն այսօր ամենագրավիչ պայմաններից է աշխարհում աշխատատեղ փնտրողների շարքում։

«Հենց այսպիսի մարդակենտրոն մշակույթն ու արժեհամակարգն են DISQO-ի հաջողության գրավականը, որը վերջերս գնահատվեց և հաստատվեց նաև Forbes-ի կողմից՝ մեզ ճանաչելով Ամերիկային լավագույն ստարտափ-գործատուներից մեկը (73-րդը  500-ից)։ Թիմում ներդրել ենք «ծառայող առաջնորդություն» կամ servant leadership մոտեցումը, որը նշանակում է, որ ղեկավար օղակի դերը կայանում է թիմերին հզորացնելը, գիտելիքի ու հմտությունների աճով «զինելը»՝ ստեղծելով սեփականության և հաշվետվողականության զգացողություն: Այսպիսով, յուրաքանչյուր աշխատակից ուղիղ ազդեցություն է ունենում մեր գլոբալ պրոդուկտների զարգացման ու նպատակներին հասնելու գործում»,- նշեց Սահակյանը։

Սահակյանը նշեց՝ նման անվանակարգերը վավերականացնում  են այն, ինչ իրենք անում ենք ամեն օր, իսկ դա էլ իր հերթին օգնում է ապագա աշխատակիցներին վստահ լինել իրենց աշխատավայրի ընտրության հարցում։ Իսկ Հայաստանի համար այս անվանակարգի կարևորությունը կայանում է նրանում, որ Forbes-ի պես հեղինակավոր ամսագրում են հայտնվում հայաստանյան թիմեր ունեցող ընկերություններ՝ այս կողմից էլ վավերականացնելով այն տաղանդը, որ կա շուկայում և կարող է գրավել նոր միջազգային գործատուների։

ServiceTitan ընկերության տաղանդների ռազմավարության և հաղորդակցության մենեջեր Մանե Գևորգյանի խոսքով ՝ Հայաստանում փորձառու և լավ մասնագետներ  կան, սակայն մասնագետների թիվն ու ընկերությունների ունեցած պահանջը երբեմն չեն համապատասխանում՝ պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը, հետևաբար ընկերությունները մրցակցում են լավ թիմակիցների համար ու ստեղծում հնարավորինս լավ պայմաններ, որպեսզի նրանք մնան իրենց ընկերություններում։

«Շատերին թվում է, որ աշխատակիցներին գրավելու հիմնական միջոցը բարձր աշխատավարձն է։ Հստակ է, որ աշխատավարձը շատ կարևոր է ու շատերի համար ընտրություն կատարելու առաջին նախապայմանը, սակայն հետաքրքիր է նկատել, որ փորձառու մասնագետների համար հիմնարար նախապայմանը աշխատանքի հետաքրքիր լինելն ու աճի հնարավորություններն են։ Այսինքն՝  ընկերություններն ունեն խնդիր ապահովել հետաքրքրիր, լավ իմաստով բարդ ու նոր հմտությունների ձեռքբերում պահանջող աշխատանք իրենց թիմակիցների համար։ Մարդիկ նաև փնտրում են աշխատատեղ, որտեղ կաշխատեն իրենցից խելացի մարդկանց հետ, որոնցից կսովորեն, որոնց կուզեն ամեն օր տեսնել ու որոնց հետ կկարողանան նոր փորձարկումներ անել, չվախենալ սխալվել, սովորել, առաջ գնալ։ Սովորաբար միայն այս նախապայմաններից հետո են արդեն թիմակիցներն ուշադրություն դարձնում ընկերության տրամադրած այլ օգուտներին, որոնք պակաս կարևոր չեն, բայց որոշում կայացնելու հիմնական նախապայմանները չեն»,- նշեց նա։

Forbes-ում հայտնվելը նրա համոզմամբ միշտ էլ պարտավորեցնող է։ Բայց անկախ բոլոր ձեռքբերումներից՝ կարևորը լավ աշխատանքային միջավայր ստեղծել կարողանալն ու այն պահելն է։ Վստահեցրեց՝ հաճելի է իմանալ, որ այս պահին այն մարդիկ, ովքեր իրենց հետ են աշխատում, գոհ են իրենց աշխատանքից ու հարցումների ժամանակ ServiceTitan-ը  նշել են որպես իրենց համար ցանկալի ու լավ աշխատավայր։

Գևորգյանի խոսքով՝ այս ձեռքբերումը կարող է օրինակ լինել մնացած ընկերությունների համար։

«Բոլոր ընկերությունները, կարծում եմ, ընդունելով այն փաստը, որ մարդիկ միևնույն է հակված են փոփոխությունների, իրար հետ անընդհատ մրցակցելու փոխարեն կկարողանան ավելի շատ իրար հետ համագործակցել, իրարից սովորել, իրենց հաջողությունների ու ձախողումների մասին պատմել, միասին հետաքրքիր նախաձեռնություններ անել աշխատակիցների կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու, հմտությունները առավելագույնս օգտագործելու և աշխարհում մրցունակ ծրագրեր, արտադրանքներ ստեղծելու համար։ Լավ աշխատավայր լինելու ցանկությունը շատ ընկերությունների թույլ կտա վերանայել իրենց մոտեցումները, ուսումնասիրել շուկայում եղած նորարարություններն ու ավելի բաց դառնալ փոփոխությունների ու հետաքրքիր մտքեր իրագործելու առաջ»,- եզրափակեց Գևորգյանը։

ԱՄՆ լավագույն ստարտափ-գործատուների ցանկում են ընդգրկվել հայկական DISQO, ServiceTitan և Picsart ընկերությունները:

Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համատեղ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ-գործատուների ցանկը՝ գնահատելով առնվազն 50 աշխատող ունեցող 2500 ընկերության համբավ՝ որպես գործատու, աշխատակիցների գոհունակություն և աճ:

Statista-ն ստարտափ է համարել 2012-2019 թվականներին հիմնադրված ցանկացած ընկերություն, որն ունի առնվազն 50 աշխատակից: Լավագույնների ցուցակում տեղ է գտել 500 գործատու։

DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու:

Սիլիկոնյան հովտի ամենաարագ զարգացող ընկերություններից ServiceTitan-ը  հիմնադրվել է 2013-ին։ Գլխամասային գրասենյակը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում  է։ Միայն այնտեղ կա 950-ից ավել աշխատակից։ 

Picsart-ը մեդիախմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: Picsart հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android և Windows սարքերի համար: Այն 20 ամենաշատ ներբեռնում ունեցող հավելվածներից մեկն է։ 

Կարինե Տերտերյան 

 

Share