News

Միջազգային STARMUS VI գիտական փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի հանրահայտ գիտնականների

Մայիսի 6-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին  սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք՝ միջազգային STARMUS VI փառատոնի  մանրամասները, համաշխարհային ճանաչում ունեցող հատուկ հյուրերի անունները և թե  ինչ միջոցառումներ են նախատեսվում փառատոնի շրջանակներում աշնանը։ 

«Այսօր պաշտոնապես ազդարարում ենք STARMUS VI-ի իրականացման հետհաշվարկի  մեկնարկը, և վստահաբար կարող եմ ասել, որ նման միջազգային փառատոնի  հյուրընկալումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է ոչ միայն մեր երկրի, այլ  ողջ տարածաշրջանի համար։ STARMUS-ի ձևաչափը ունիկալ է նրանով, որ հանրայնացնում և երիտասարդությանն է  մոտեցնում գիտությունը՝ ամփոփելով այն արվեստով ու երաժշտությամբ։ Հայաստանը  հյուրընկալելու է աշխարհահռչակ Sons of Apollo խմբին, Ռիք Վեյքմանին (Rick Wakeman),  Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Անդրեյ Մակարևիչին, ովքեր Հայաստան են  այցելելու հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: Առաջիկայում որոշ  պարբերականությամբ կհայտարարվեն հաստատված այլ մասնակիցների անուններ։  STARMUS VI-ի շրջանակներում անցկացվող դասախոսությունները մեկնարկելու են  կեսօրից հետո՝ հնարավորություն տալով մասնակիցներին ավարտին հասցնելու գործերն  ու վայելելու համաշխարհային առաջադեմ մտքի ներկայացուցիչների կողմից  ներկայացվող գերժամանակակից թեմաները և արտիստների ելույթները»,—նշել է STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։ 

Ընդհանուր առմամբ փառատոնը Հայաստանի հանրության համար հասանելի է  դարձնելու նմանօրինակ աշխարհահռչակ գիտնականների դասախոսությունները,  արվեստի գործիչների կատարումներն ու գիտության ապագա զարգացումների մասին հետաքրքրաշարժ դասախոսություն-ներկայացումները։  

Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում  նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ  մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, որոնք գիտությունը, արվեստն ու  երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը, այդ թվում՝ Երևանից դուրս՝  մարզային կառույցներում։ 

Միջոցառումներին մասնակցելու են հինգ տասնյակից ավել աշխարհահռչակ  գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան  մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, տեխնոլոգիական  ոլորտի ականավոր ներկայացուցիչներ: 

«Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը  հազարավոր զբոսաշրջիկների համար և համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը  դիրքավորելու որպես գիտության երկիր։ Մենք պետք է անենք հնարավորը՝ այս  նպատակին հասնելու համար»,—հավելել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս, Գարիկ Իսրաելյանը։ 

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր  ձևաչափեր և հնարավորություններ, մեկտեղել գիտությունն ու արվեստը, ոգեշնչել նոր  հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և  ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար,  հանրայնացնելով գիտությունը։ Միևնույն ժամանակ փառատոնի անցկացումը  Հայաստանում կստեղծի համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և  գիտության բնագավառներում: 

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու  «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա  Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս  3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ 

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոկինգի, Բրայան Մեյի,  Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն առաջին անգամ  անցկացվել է Թեներիֆե կղզում (Իսպանիա) 2011 թվականին և միավորում է  գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։  STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար  Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով  համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների,  տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների  միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց  գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը  մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն  ու լուծումների շուրջ քննարկումները։  STARMUS փառատոնը մինչ այս անց է կացվել Թեներիֆեյում (Կանարյան կղզիներ,  Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: 

Share