News

«Քո դեմքը՝ որպես տոմս». Orion Summit 2022-ը նորարարական տեխնոլոգիայով կիրականացնի մասնակիցների գրանցումը

Orion Summit 2022-ն արդեն բաց է գրանցումների համար. տեխնոլոգիական գագաթնաժողովի մասնակիցները կարող են այսօրվանից գրանցվել նորարարական տեխնոլոգիայով, հատուկ հավելվածում (Android, iOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը: 

Հավելվածը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն, որն իրական ժամանակում սպառնալիքների հայտնաբերման լուծումներով զբաղվող առաջատար ընկերություն է։ «Քո դեմքը՝ որպես տոմս» հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագիր:

Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվել ցանկացողները կայքի մոբայլ տարբերակում պետք է սեղմեն «Register» կոճակը և ստանան հետագա հրահանգները։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։ 

Գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն համագործակցում է մի շարք միջազգային ընկերությունների հետ, ինչպես օրինակ՝ Daimler, Chicago Cubs, Major League Baseball,  Oman-ի միջազգային օդանավակայանների ցանց և այլն։ 

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում:  Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Orion Summit 2022 գագաթնաժողովի մասին նորություններին կարելի է հետևել նաև սոցցանցերում՝ Facebook-ում, LinkedIn-ում։ 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

Share