News

Տիգրան Սլոյան. Ինչպես է IO հոգեբանությունն օգնում բիզնեսներին բազմազանություն ապահովել աշխատանքի ընդունման գործընթացում

Վերջերս Forbes պարբերականում հրապարակվել է Forbes-ի տեխնոլոգիական խորհրդի անդամ, CodeSignal ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ 

Աշխատավայրը կարող է մեծ ազդեցություն ունենալ մեր մտածողության, ինչպես նաև մարդկանց զգալու և նրանց հետ շփվելու վրա: Արդյունաբերա-կազմակերպչական (IO) հոգեբանությունը մարդու վարքագծի գիտական ուսումնասիրությունն է աշխատանքի համատեքստում, որը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները բոլոր առումներով՝ ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակիցների տեսանկյունից: Սա հատկապես կարևոր է այժմ, երբ կազմակերպությունները ձգտում են կիրառել բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ռազմավարություն իրենց աշխատանքի ընդունման գործելակերպում: IO հոգեբանության մեջ օգտագործվող հետևյալ գործիքները կարող են ընկերություններին ցույց տալ, թե ինչպես գիտությունը կարող է ապահովել ավելի արդար և նպաստավոր արդյունքներ՝ մրցունակ տաղանդների շուկայում աշխատանքի ընդունման DEI ռազմավարությունն իրագործելիս։ 

Աշխատանքի վերլուծություն

Աշխատանքի վերլուծությունը կազմակերպությունում որոշակի դերի համար պահանջվող պարտականությունները չափելուն և հասկանալուն ուղղված  գիտական մոտեցումն է: Օգտագործելով գիտությունը, այլ ոչ թե ներքին բնազդը կամ անհատների կարծիքը, ընկերությունները կարող են նվազեցնել աշխատանքի նկարագրությունից առաջացած կողմնակալությունը և համոզվել, որ որակավորված թեկնածուներին ոչինչ չի խոչընդոտի դիմել։ 

IO հոգեբանները կատարում են աշխատանքի վերլուծությունը KSAO չափանիշների միջոցով, ինչն իր մեջ ներառում է գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ հաջողություն ապահովող հատկանիշների վերլուծությունը։ Նրանք նաև փորձում են ներգրավել աշխատակիցների ներկայացուցչական ընտրանք, որը կարող է համարժեք կերպով արտացոլել թիմի բազմազան տեսակետներն ու փորձառությունները: Այնուհետև, IO հոգեբանները օգնում են կազմակերպությանն օգտագործել աշխատանքի վերլուծության արդյունքը՝ հավաքագրման պրակտիկաներին կառուցվածք և հետևողականություն ավելացնելու համար։ Այս գործընթացը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ սկսած աշխատանքի նկարագրությունը գրելուց մինչև հարցազրուցավարների վերապատրաստումը։ Աշխատանքի հստակ վերլուծություն ունենալը հիմք է աշխատանքի ճշգրիտ նկարագրություններ ստեղծելու համար, ինչն իր հերթին  թեկնածուներին առաջարկում է թափանցիկություն և օգնում է հավաքագրողներին և աշխատանքի ընդունող մենեջերներին համոզվել, որ նրանք թեկնածուների համապատասխանությունը գնահատելիս կենտրոնանում են միայն աշխատանքին առնչվող չափանիշների վրա։

Նախնական գնահատման հաստատում

Աշխատանքի ընդունմանը նախորդող շրջանի (pre-hire) գնահատումների օգտագործումը կարող է օգտակար լինել DEI ռազմավարության իրագործման համար: Այդ փուլում կարճ հեռախոսազանգի կամ ինքնակենսագրականի հիման վրա ընտրության փոխարինումը գնահատման մեթոդով գրեթե վերացնում է մարդկային կողմնակալության գործոնը։ Տասնամյակների հետազոտություններից մեզ հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը հակված է չափից ավելի վստահ լինել աշխատանքի ընդունելիս արդար որոշումներ կայացնելու իրենց կարողության մեջ: Գնահատումները ապահովում են բոլոր թեկնածուների հավասար հնարավորությունները՝ ցույց տալու իրենց համապատասխանությունը տվյալ դերին։ 

Հարց է առաջանում. արդյո՞ք գնահատման տվյալ մեթոդը անաչառ է և համապատասխանում է կազմակերպության առջև դրված նպատակներին։ IO հոգեբանությունն օգնում է պատասխանել այս հարցին։ IO մասնագետները վերապատրաստաված են ստուգելու նախնական գնահատումների համապատասխանությունը և գտնելու արդար ընտրության չափանիշներ, որպեսզի ապահովեն թեկնածուների ճշգրիտ գնահատում։

Համակարգված հարցազրույցների կազմում

Առանց տվյալների վրա հիմնված և համակարգված մոտեցման հարցազրույցների անցկացումը կարող է ենթարկվել մարդկային կողմնակալության ազդեցության, ինչն իր հերթին կհանգեցնի անհետևողական ընտրության և թեկնածուների համար տհաճ փորձառության։ Հարցազրուցավարների համար բոլորովին բնական է ցանկանալ կապեր հաստատել թեկնածուների հետ: Սակայն այն պահից, երբ մենք սկսում ենք ուղղորդող հարցեր տալ և առավելություն տալ մի թեկնածուին մյուսի նկատմամբ, մենք խեղաթյուրում ենք գնահատումը, ինչը մեծապես ազդում է թեկնածուների վրա։

IO հոգեբանությունը կարող է օգնել կազմակերպություններին իրենց հարցազրույցներն ավելի համակարգված դարձնել և հարցազրուցավարների վերապատրաստման նյութեր մշակել: Այդ գործընթացը կարող է ներառել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են.

  • հաստիքի կարևոր կողմերին անմիջականորեն առնչվող հարցերի փաթեթի մշակում և վերանայում,
  • յուրաքանչյուր հարցի համար վարկանշային սանդղակի ստեղծում,
  • ոլորտային նախապաշարմունքների մասին տեղեկացվածության բարձրացումը, և դրանք հարցազրույցից ու միավորների գնահատման գործընթացից հեռացնելուն միտված ռազմավարության մշակում:

IO հոգեբանության սկզբունքները և լավագույն փորձառությունն արժեքավոր են մարդկանց ներառող բիզնես-գործընթացներում ամուր հիմքեր ստեղծելու համար, քանի որ հենված են գիտության վրա, ինչը նվազեցնում է սուբյեկտիվությունը և մարդկային կողմնակալության գործոնը: Քանի որ 2022 թվականին կազմակերպությունները ձգտում են իրագործել իրենց DEI-ի նպատակները, IO հոգեբանությունը կարող է օգնել նրանց ապահովել հավաքագրման և աշխատանքի ընդունման նպաստավոր վերջնարդյունքներ։

Share