News

Երևանի ու մարզերի շուրջ 10 համալսարանի 800-ից ավելի ուսանող սովորում են  FAST-ի SciNova նախաձեռնության ուսումնական ծրագրերով

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ստեղծարար գրասենյակում կայացել է SciNova ծրագրի 2 տարվա ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի նպատակն է հայ ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման գիտելիքներով ու հմտություններով, զարգացնել նրանց հետազոտության արդյունքները նորարարական պրոդուկտի վերածելու կարողությունները։ Այս նպատակով, 2020-2022թ. ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է բնագիտամաթեմատիկական կրթություն իրականացնող 15 համալսարանից շուրջ 100 դասախոս։ Արդյունքում Երևանում և մարզերում գործող 10 բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեփոխվել է «Գիտահետազոտության մեթոդաբանություն» դասընթացը՝ նոր տարբերակով հասանելի դառնալով 800-ից ավելի ուսանողների համար։ Որոշ համալսարաններ ներկայում մշակում են «Գիտության նորարարության առևտրայնացման» դասընթացի ներդրման ծրագիրը։

SciNova-ն իրականացվում է Ասթոն համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» ծրագրի կողմից։

Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերն ու Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովասափյանը։

Բրիտանական խորհրդի տնօրեն Ադդէ Հովաասափյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին և նշել․ «Բրիտանական խորհուրդը կարևորում է Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացումը, և այդ նպատակով մշակված «Ստեղծարար միտք» նախաձեռնության շրջանակներում իրականացվեցին տարբեր ինստիտուցիոնալ համագործակցություններ՝ աջակցելու երիտասարդների պատրաստվածությանը աշխատաշուկայի համար։ Ուրախ ենք, որ FAST-ը նույնպես օգտվեց այս հնարավորությունից և վստահ եմ, որ SciNova-ի շրջանակում մշակված ուսումնական ծրագիրն ու դասախոսական ձեռնարկը էապես կաջակցեն երիտասարդների շրջանում համապատասխան հմտությունների ու կարողությունների զարգացմանը»։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև SciNova ծրագրի շրջանակներում մշակված դասընթացավարների երկլեզու (հայերեն և անգլերեն) ձեռնարկների շնորհանդեսը։ Ձեռնարկները նպատակ ունեն օժանդակելու դասախոսներին՝ «Գիտահետազոտության մեթոդաբանություն» և «Գիտական նորարարությունների առևտրայնացում» առարկաների դասավանդումը նորացված մեթոդներով իրականացնելու գործում։ Դրանք զինված են ուսանողակենտրոն դասավանդման համար անհրաժեշտ մեթոդներով, աշխատանքային թերթիկներով և լրացուցիչ գրականությամբ։ Ուսումնական ծրագրերի և դասընթացավարի ձեռնարկների մշակման աշխատանքներում FAST-ը համագործակցել է ամերիկյան «Ջեթփաբ Սայնթիֆիք Քըմյունիքեյշնզ» ընկերության (JetPub Scientific Communications LLC) և բրիտանական Ասթոն (Aston) համալսարանի մասնագետներից կազմված խմբագրական խորհրդի հետ։

FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նշել է.  «Մենք շարունակելու ենք համալսարանների հետ մեկնարկած համագործակցությունները SciNova ծրագրի շրջանակներում՝ աջակցելով դասախոսներին արդյունավետ իրականացնելու գիտական հետազոտությանն ու գիտության առևտրայնացմանն ուղղված դասընթացները։ Պլանավորում ենք նաև առաջիկայում շարունակել օժանդակությունը հատկապես «Գիտության նորարարության առևտրայնացման» դասընթացի արդյունավետ իրականացման ուղղությամբ՝ որպես համեմատաբար նոր գիտելիք ու ոլորտ, ինչպես նաև  ծրագրեր մշակել բակալավրիատի համար՝ ապահովելով այս ոլորտում դասընթացների շարունակականությունն ու ավելի վաղ տարիքից հմտությունների զարգացումը»։

Հանդիպմանը նաև հնարավորություն է ստեղծվել ակադեմիական ոլորտի ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելու գիտական հետազոտությունների և գիտության նորարարության առևտրայնացման համար Հայաստանում ներկա հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է աջակցել Հայաստանին դառնալ առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Share