News

Գլենդելում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։ Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը։ Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։ Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։

«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձեւավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Նշենք, որ նախորդ ամիս՝ հունվարի 31-ին, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողություն տեղի ունեցավ Քուվեյթի ազգային վարժարանում, իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ին, Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում։

Share