News

Խաղային տեխնոլոգիաների ոլորտում նոր կրթական ծրագրերը և ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի կդառնան Երևանի և մարզերի երիտասարդների համար

Կարևորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մարդկային մրցունակ ներուժի զարգացումը և նոր ռեսուրսների ստեղծումը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) ազդարարում են նոր՝ «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով համատեղ ծրագրի մեկնարկը, որի բացման հանդիսավոր միջոցառումը տեղի ունեցավ ս.թ. մարտի 10-ին, BŪRՕ work’n’roll-ում։

Միջոցառման ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ որով կողմերը կմիավորեն ջանքերն՝ ի նպաստ Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման։ Տվյալ հուշագրով ամրագրվեց 9-ամսյա ծրագրի մեկնարկը, որը կապահովի տեխնոլոգիական կրթության և ենթակառուցվածքների հասանելիություն Երևանի և երկու մարզերի երիտասարդների համար։

Որպես այս համագործակցության առաջին քայլ, միջոցառման ժամանակ  հայտարարվեց «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» 4-ամսյա անվճար դասընթացների շարք, որին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան երիտասարդները Երևանից, Գյումրիից և Վանաձորից՝ անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից։

Դասընթացների ընթացքում փորձառու մենթորների և առաջատար մասնագետների աջակցությամբ մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, ինչպես նաև փափուկ հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հաջորդիվ՝ ծրագրի բութքեմփ-ինկուբացիոն փուլում, թիմերը կմշակեն և կփորձարկեն սեփական խաղերը։

«Հայ երիտասարդներն ունեն մեծ ներուժ՝ Հայաստանի ստեղծարար տեխնոլոգիաների էկոհամարգի զարգացումը ապահովելու համար։ Այս ծրագիրը լայն հնարավորություններ կստեղծի երիտասարդների համար, մասնավորապես՝ մարզերում, դառնալու մրցունակ և որակյալ մասնագետներ՝ ստանալով հիմնարար և բազմակողմ գիտելիքներ ու հմտություններ՝, օգտվելով խաղային տեխնոլոգիաների ոլորտի ժամանակակից ռեսուրսներից»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար կարևոր է մեր երկրում ունենալ որակյալ կրթության նախապայմաններ։ Մենք գտնում ենք, որ այդ ամենը հնարավոր է բիզնեսի, նմանատիպ հիմնադրամների և պետական կառույցների համագործակցությամբ: Լինելով Հայաստանում խոշոր գործատուներից մեկը՝ մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում նպաստել կրթության լավագույն հնարավորություններին և աշխատաշուկայի կայուն զարգացմանը», – նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կորպորատիվ կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը:

Ծրագրով նաև նախատեսված է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում հիմնել արդիական սարքավորումներով հագեցած ևս երկու «Coca-Cola Video Game»  լաբորատորիա՝ նպաստելով Հայաստանում խաղային տեխնոլոգիական էկոհամակարգի համաչափ զարգացմանը։  Այդ լաբորատորիաների միջոցով մարզաբնակ երիտասարդները կունենան անհրաժեշտ ռեսուրսներիի հասանելիություն՝ ստեղծարար խաղային տեխնոլոգիաների ոլորտում հմտանալու և հաջողելու համար։

ՁԻՀ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագիրը վերափոխում է խաղային նորարարական տեխնոլոգիաների ոլորտը Երևանում և մարզերում։ ՁԻՀ-ի կողմից սա ևս մեկ քայլ է Հայաստանում ՏՏ ոլորտի առաջխաղացումը և երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը խթանելու ուղղությամբ, որը կնպաստի ոլորտում մրցունակ աշխատուժի ձևավորմանը։

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև խաղային առաջնություն մասնակից երիտասարդների միջև։ Լավագույն արդյունք ցուցաբերած չորս երիտասարդներին հանձնվեցին հուշանվերներ։

Share