Categories: News

Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփել է երկրորդ ինկուբացիոն ցիկլի ընթացիկ արդյունքները

Beeline Ստարտափ Ինկուբատորն ամփոփեց երկրորդ ինկուբացիոն ցիկլի միջանկյալ արդյունքները։

Մեկ ամիս շարունակ մենթորների, սեմինար վարողների և աջակցող այլ կողմերի հետ միասին թիմերն աշխատեցին իրենց ստարտափների վրա։ Առաջին ամենամսյա մոնիթորինգի ընթացքում ստուգվեց ստարտափների աճը. նրանք ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, ինկուբատորում կազմակերպվող դասերից և հանդիպումներից ստացած գիտելիքները և պատասխանեցին ներկաների հարցերին։

Առաջին ամսվա մոնիթորինգի գնահատականների արդյունքում լավագույն եռյակում հայտնվեցին eSwap-ը, որը տարբեր առցանց խանութների միացման և էլեկտրոնային առևտրի կառավարման համակարգ է, TapTap-ը, որը խաղային տարրերով հագեցած տուրիստական հավելված է ու թույլ է տալիս ճանապարհորդել առանց գիդի և LinguaStorm-ը, որը միջազգային օնլայն դասավանդման հարթակ է, տրամադրում է 16 օտար լեզուների ավելի քան 40 դասընթացներ` բոլոր մասնագիտական ուղղություններով։

Ռիսկային գոտում հայտնվեցին ստարտափներից երկուսը և ինկուբացիոն ցիկլից դուրս մնաց մեկ ստարտափ։ Նմանատիպ մոնիթորինգներ անցկացվելու են նաև հետագա երեք ամիսների ընթացքում։

«Զարգացման մոնիթորինգը ցանկացած կրթության կարևորագույն մասն է, իսկ մենք տրամադրված ենք միայն լավագույն արդյունքի հասնելուն։ Մեզ մոտ ինկուբացիա անցնող ստարտափները ցիկլի ավարտին պետք է պատրաստ լինեն ներկայանալու իրական ներդրողներին, իսկ դրա համար հսկայական աշխատանք է պետք կատարել։ Շատ ուրախ եմ տեսնել մեր թիմերի առաջընթացը և մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորին», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ռեզիդենտ ստարտափներն Ինկուբատորում  անցնում են թրենինգներ մասնավորապես մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով, ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հնարավորությունների հետ կապված հարցեր։

Share