Categories: News

Մայրաքաղաքում կանցկացվի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ից, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կմեկնարկի կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը:Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնք վերջնարդյունքում կնպաստեն քաղաքի օդի մաքրությանը:

Ծրագրին մասնակցում են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ:

Հաքաթոնի սկզբում փորձագետները կներկայացնեն քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետև մասնակիցները թիմերի կբաժանվեն և լուծումներ կմշակեն:

Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվում է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար, ներկայացնում են ժյուրիին, և լավագույնները հնարավորություն են ստանում զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք կիրառել քաղաքում:

«Կլիմաթոն Երևան»-ի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից

Share