Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հակոբ Արշակյանը ներկա է գտնվել «Գլոբալ ինովացիոն ֆորումին»
News 01/11/2018 07:58

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍԹ) կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորումի» շրջանակներում հոկտեմբերի 31-ին կայացել է պանելային քննարկում, որի մասնակիցներն էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՖԱՍԹ հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Զելչկո Տեկիցը, ստարտափների հիմնադիրներ Թաթուլ Աջամյանն ու Հռիփսիմե Մաթևոսյանը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկումը վարում էր «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը:

Թեման՝ ուղեցույց սկսնակ ստարտափերների համար, թե ինչպես ընտրել «ճիշտ» վենչուրային ներդրող, որպեսզի կառուցեն փոխշահավետ հարաբերություններ:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանում այսօր ստարտափների զարգացման համար էկոհամակարգը լիարժեք ձևավորված չէ, բայց կան ֆոնդեր, ներդրողներ, գրանտային ծրագրեր, որոնք բավական արդյունավետ աշխատում են նաև կառավարության հետ համագործակցությամբ: Հակոբ Արշակյանի խոսքով՝ կառավարության նպատակն այս գործընթացներն ուղղորդելն ու համակարգելն է օգտագործել սփյուռքի ու տեղացի գործարարների ռեսուրսը, ստեղծել խոշոր վենչուրային ֆոնդ, որը վստահություն կներշնչի նոր ներդրողներին ավելի մեծ գումարներ դնել այս շուկայում:

Նրա խոսքով՝ կառավարության դերը ձեռներեց-ներդրող փոխհարաբերությունների մեջ պիտի լինի այն, որ պետական մակարդակում խրախուսվի ներդրումը հենց տեխնոլոգիական ոլորտում, նորարարական գաղափարների մեջ. դա պիտի լինի քաղաքական որոշում:

«Աշխարհում շատ գումարներ կան, գումար հայթայթելը գաղափարն իրագործելու համար դժվար չէ, բայց երբ խոսք է գնում խոշոր գումարների մասին, հայաստանյան ստարտափները ստիպված են դուրս գնալ, որովհետև խոշոր ֆոնդեր մեր երկրում չկան: Այս խնդրի լուծումը ևս մեր նպատակներից է: Կառավարությունը պիտի հարթակ ստեղծի համագործակցության համար, նվազեցնի ներդրողների ռիսկերը»,- մանրամասնեց նախարարի պաշտոնակատարը:

Քննարկման ընթացքում բանախոսները կարևորեցին նաև ներդրող-ձեռներեց փոխըմբռնման ասպեկտը: Ներդրողի համար, ըստ Նուբար Աֆեյանի, պետք է ընկալելի լինի ձեռներեցի մշակույթը, նրանց բիզնես նպատակները պիտի համընկնեն: Նրա խոսքով՝ պետք է ընտրել թրենդային ոլորտներ, հստակ ուղղություններ և աշխատել այդ ուղղությամբ: Օրինակ բերելով արհեստական ինտելեկտի զարգացման ուղղությունը՝ Նուբար Աֆեյանը նշեց, որ երբ ստեղծվի արժեք, ֆոնդերը կհայթայթվեն:

Հակոբ Արշակյանը կարևորեց նաև միջազգային ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որովհետև հաճախ հենց այդ ընկերությունների աշխատակիցները դառնում են ձեռներեցներ, որովհետև այդ ընկերությունների բերած կորպորատիվ մշակույթի կրողներն են:

Լուսանկարը՝ նախարարության պաշտոնական կայքից