Categories: News

BDA Armenia-ն և staff.am-ը կստորագրեն համագործակցության հուշագիր

Business Development Advisors (BDA Armenia) ընկերությունը և staff.am-ը հայտարարում են իրենց համագործակցության մասին, որն ուղղված է աջակցելու տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը և հզորացմանը` տրամադրելով ճիշտ գործիքներ և, իհարկե, աջակցելով լավագույն կադրերի ներգրավման գործընթացին։

Նոյեմբերի 29-ին, ժամը 6-ին «Ինժեներական քաղաքում» տեղի կունենա միջոցառումը, որի ժամանակ կստորագրվի համագործակցության հուշագիր։ Երկու կազմակերպությունները հանդես կգան իրենց տեսլականով ինչպես հայկական ստարթափների միջազգային շուկա դուրս գալու հեռանկարների, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից Հայաստանում մասնաճյուղերի և գրասենյակների հիմնադրման վերաբերյալ։

«staff.am-ի թերևս ամենակարևոր նպատակներից մեկը հիմնադրման հենց իսկ առաջին օրվանից եղել է հայկական աշխատաշուկայի զարգացումը, և վստահորեն կարող եմ ասել, որ մենք այս 2 տարիների ընթացքում մեր ներդրումն ունենք այդ գործընթացում։ BDA Armenia-ի հետ համագործակցության շրջանակներում առաջարկելու ենք միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար անհատական ծառայություններ, որոնց միջոցով վերջիններիս մուտքը հայկական աշխատաշուկա կլինի ավելի հարթ և անխոչընդոտ»,- ասաց staff.am հարթակի համահիմնադիր և տնօրեն Վահե Ավետիսյանը։

«Ռեսուրսների գնահատման և դասակարգման տեսանկյունից մեր առաջին գործընկերը staff.am ընկերությունն է լինելու։ Մեր համագործակցության մեկնարկը կտրվի նոյեմբերի 29-ին։ Վստահ եմ, որ staff.am-ի և BDA-ի համատեղ ջանքերով մեր երկիր մուտք գործող կամ հենց մեր երկրում արդեն առկա ու մեծանալ ցանկացող ընկերություններն ու տաղանդաշատ մասնագետները հնարավորություն կունենան համագործակցության արդյունքում ընդլայնել և զարգացնել մեր երկրի աշխատաշուկան»,- ասաց BDA Armenia-ի տնօրեն Ամալյա Եղոյանը։

Նշենք, որ միջոցառմանը ներկա կգտնվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, միջազգային ընկերությունների, ինչպես նաև ստարթափ էկոհամակարգի ներկայացուցիչները։ Ներկա գտնվողներին հնարավորություն կտրվի ծանոթանալ BDA Armenia-ի և staff.am-ի կողմից առաջարկվող ծառայություններին, ինչպես նաև հակիրճ ներկայացնել իրենց պրոդուկտը կամ ընկերությունը, օգտվել նաև networking-ի հնարավորությունից։

Ինժեներական քաղաքի ընտրությունը՝ որպես միջոցառման վայր, պատահական չէ ընտրված։ «Ինժեներական քաղաք»-ի տարածքում ճարտարագիտության ոլորտում գործող մասնավոր ընկերությունների կողմից արդեն իսկ կառուցվել են Ինժեներական կենտրոնը, Ինժեներական գրադարանը, Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարանները, իսկ մոտավոր հաշվարկներով մոտ ապագայում սպասվում է 2000 նոր աշխատատեղի ստեղծում։

Ի դեպ, միջոցառումը կսկսվի հենց Գիտության և տեխնոլոգիաների թանգարան այցելությունից։

BDA Armenia-ի մասին

BDA Armenia-ն հիմնադրվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) կողմից։

Ընկերության նպատակներն են՝

– ՀՀ-ում նոր ընկերությունների հիմնադրումը
– Արդեն ստեղծված բիզնեսներին միջազգային շուկա դուրս գալու աջակցությունը
– Բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։

staff.am-ի մասին

staff.am-ը հանդիսանում է Հայաստանի առաջատար կարիերայի հարթակը, որը թողարկվել է 2016թ․ նոյեմբերին, և շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է գրավել առաջատար դիրք իր ոլորտում։ staff.am-ը հանդիսանում է ՁԻՀ շահառու՝ հունիս ամսին շահելով համաֆինանսավորման դրամաշնորհը արհեսատական բանականությամբ զբաղվող նոր մոդուլի ստեղծման համար։ staff.am-ն արդեն իսկ օգնել է մի շարք միջազգային ընկերություններին Հայաստանում իրենց թիմերի հավաքագրման գործում։

Share