Categories: News

5 ստարտափ դրամաշնորհ է ստացել STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» մրցույթի շրջանակում

Դեկտեմբերի 14-ին ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթի վենչուրային համաժողովը, որը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի  (ՁԻՀ) կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացրին ՁԻՀ-ի մամուլի բաժնից։

Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 41 թիմ, որոնցից 14-ը վենչուրային համաժողովի ընթացքում իր գաղափարներն է ներկայացրել ժյուրիին:

Դրամաշնորհի է արժանացել 5 թիմ: Դրանք են՝

ՆԵԿ Նոր Եռաչափ Կոնստրուկտոր – գործիք, որի նպատակն է ապահովել անշարժ գույքի եռաչափ վիզուալիզացումը օնլայն կայքում։

PayVA – կորպորատիվ վճարման համակարգ, որն ընկերություններին օգնում է իրականացնել իրենց աշխատողների ամենօրյա ծախսերը և դրանց հաշվարկները՝ առանց որևէ հաշվետվության, կանխիկի կամ կտրոնների։

Rendline – օնլայն զարդերի ռենդերինգի ավտոմատացված առաջին ծառայությունը, որը նախատեսված է բարձր որակի ռենդերինգներ ստանալու համար:

AR Magic – հայկական հեքիաթների մոտիվներով մշակված ներկելու գրքերի առաջին ժողովածուն՝ նախատեսված 3-ից 10 տարեկան երեխաների համար: Այն հնարավորություն է տալիս փոքրիկներին դիտել սեփական երևակայությամբ  գունավորված եռաչափ մուլտֆիլմը, ունկնդրել հայերեն և անգլերեն լեզուներով ձայնագրված աուդիոգիրքը՝ լրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով:

Drone Platform for Researchers – ստարտափի մշակած սարքը ինքնաթիռ է, սակայն ուղղաթիռի նման կարողանում է թռչել ցանկացած տեղանքից և վերադառնալ: Այն կարող է թռչել մինչև 3 ժամ և տեղափոխել 1 կգ օգտակար քաշ: Փոխադրելի չափսը 1.2մx0.6մx0.5մ է, իսկ թռիչքային չափսը՝ 2.2մx0.8մ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր խոսքում ամփոփել է ՁԻՀ-ի կողմից 2018թ. ընթացքում իրականացրած այն ծրագրերը, որոնք ֆինանսավորել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նաև նորաստեղծ կազմակերպություններին ու տեխնոլոգիական ընկերություններին:

«Կարող եմ արձանագրել, որ աննախադեպ տարի ենք ունեցել: Անչափ ուրախ ենք, որ EU4Business STEP2-ը շատ արդյունավետ անցավ: Ունեցանք 57 դիմող, որոնցից վենչուրային ֆորումի եզրափակիչ փուլ անցավ 31-ը, նրանցից 15-ն էլ հաղթող ճանաչվեց։ Պետք է ասեմ, որ ժյուրիի համար իսկապես բարդ ընտրություն էր, քանի որ բոլորն էլ լավ թիմեր էին և ունեին շատ լավ գաղափարներ։ Բացի դա, 2018թ. ունեցել ենք 6 հաղթող՝ Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհներով (IMG), 14-ը՝ ԻԼՏԿ (ISTC) հետազոտական դրամաշնորհներով, 5-ը՝ «Գաղափարից դեպի շուկա» STEP-2018 ծրագրով։ Այժմ էլ հայտարարում ենք հետազոտական դրամաշնորհների աջակցման ծրագիր՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հետ համատեղ: Նշեմ, որ այդ համագործակցության շրջանակում արդեն իսկ աջակցություն ենք ցուցաբերել տարբեր բուհերի 36 մագիստրանտների, ինչպես նաև մեկնարկել է ասպիրանտների համար ծրագիրը, որի հաղթողները հայտնի կդառնան 2019թ.»,- նշել է Բագրատ Ենգիբարյանը:

ՁԻՀ տնօրենի խոսքով, նշված բոլոր ծրագրերը մեծ ազդեցություն ունեն Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի համար:

«Այդ ծրագրերն ունեն բարձր արդյունավետություն՝ թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման, թե՛ նոր տեխնոլոգիաների մշակման ու ներդրման, թե՛ նոր ներդրումների ներգրավման տեսակետից։ Ուստի պետք է շարունակել և ընդլայնել դրանց իրականացումը նաև 2019թ.»,- ամփոփելով տարին, հայտարարել է Բագրատ Ենգիբարյանը:

Լուսանկարը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մամուլի բաժնից

Share