Categories: News

Կառավարության ծրագրում ընդգրկվել են բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կառավարության ծրագրի` բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական և թվայնացման հատվածը։

Այդ հատվածը ներկայացնում ենք ստորև։

« 7. Բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը և ռազմարդյունաբերությունը

7.1. Բարձր տեխնոլոգիաները

Կառավարությունը նպատակադրվել է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր: Այս նպատակին հասնելու և բարձր տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու համար կիրականացվեն նպատակային քայլեր: Մասնավորապես նախատեսվում են՝

– ստեղծել ազգային վենչուրային ներդրումային ֆոնդ, որն ի վիճակի կլինի Հայաստանում գործունեություն ծավալող ստարտափներում կատարել անհրաժեշտ ներդրումներ՝ դրանց հետագա զարգացումն ու դեպի համաշխարհային շուկա դուրս գալն ապահովելու նպատակով.

– դրամաշնորհային ծրագրերի միջոցով նպաստել ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը.

– ստեղծել ձեռներեցության, գործարարական, վաճառքի և մարքետինգի գիտելիքների զարգացման մեխանիզմներ՝ օգտագործելով միջազգային աքսելերատորների հետ համագործակցելու հնարավորությունները.

– նպաստել Հայաստանում աքսելերատորների ստեղծմանն ու զարգացմանը և մշակել համատեղ ծրագրեր՝ ստարտափների ինտենսիվ զարգացումն ապահովելու նպատակով.

– Հայաստանում ինտելեկտուալ սեփականության միջազգային ճանաչման և դրա պաշտպանության համար ստեղծել պատշաճ մեխանիզմներ և օրենսդրական դաշտ.

– նպաստել հայկական բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանը՝ «Կառավարությունը որպես պատվիրատու» կոնցեպտի միջոցով.

– մշակել և իրագործել Հայաստանի, որպես ստարտափ և տեխնոլոգիական կենտրոնի, միջազգային հեղինակությունը բարձրացնելու ծրագիր:

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար Կառավարությունը նախատեսում է՝

– մշակել և իրագործել բարձր տեխնոլոգիական հայկական ապրանքների և ծառայությունների՝ արտերկրում առաջխաղացման և վաճառքի ծրագիր.

– Երևանում և մարզերում ստեղծել և զարգացնել տեխնոլոգիական կենտրոններ, ինչպես նաև ապահովել արդեն գոյություն ունեցող կենտրոնների արդյունավետ գործունեությունը՝ այդպիսով ապահովելով բավարար տեխնոլոգիական և արտադրական հնարավորություններ՝ որպես պլատֆորմ հետագա զարգացման համար.

– նոր տեխնոլոգիաների և գիտելիքի զարգացման, ինչպես նաև Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն, վարկանիշի բարձրացման նպատակով ապահովել պայմաններ և ձեռնարկել ակտիվ քայլեր՝ միջազգային բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին Հայաստան ներգրավելու նպատակով.

– նպաստել տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցությանը՝ կադրերի պատրաստման նպատակով։

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս նպատակի իրականացման համար Կառավարությունը նախատեսում է՝

– կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ նախորոշելով տեխնոլոգիական վերազինումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրումներից կախվածության նվազեցումը.

– շեշտակի ավելացնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ծավալը և այն դարձնել արդյունաբերության ոլորտի առաջատար ճյուղերից մեկը՝ կարևորելով զինված ուժերի զարգացման ծրագիրը և դրանից բխող միջոցառումները.

– ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացումը և նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ հայրենական ռազմական ապրանքների մրցունակության կտրուկ բարձրացումը միջազգային շուկաներում՝ հաշվի առնելով հակամարտություններում տեխնոլոգիական բաղադրիչների կշռի սրընթաց ավելացումը.

– հետամուտ լինել ռազմարդյունաբերության և գիտակրթական համակարգի հետ համագործակցության հետագա զարգացմանը՝ նպատակ ունենալով ներգրավել երիտասարդ, տաղանդավոր մասնագետներին ռազմարդյունաբերության ոլորտում.

– ստեղծել ռազմարդյունաբերության ինստիտուտ՝ պաշտպանական ոլորտում գոյություն ունեցող խնդիրների ուսումնասիրության և առաջադրանքների ձևավորման նպատակով.

– հետամուտ լինել հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխաղացմանը և վաճառքի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:

7.2. Կապը և թվայնացումը

 Կառավարության առաջնահերթություններից է պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը, հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը և բնակչության կյանքի որակի բարձրացմանը:

Այս նպատակի իրականացման համար Կառավարության նախատեսած քայլերն են՝

– Հայաստանի Հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում թվային տնտեսության անընդհատ աճող պահանջների արդյունավետ փոխգործակցման և սպասարկման համար արդի պահանջներին համապատասխան ենթակառուցվածքների ներդրումը՝ ապահովելով տեղեկատվական անվտանգություն, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշպանություն, ինչպես նաև պետական մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների զարգացում.

– պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող տեղեկատվության թվայնացման, միասնական և համապարփակ տեղեկատվական շտեմարանների ձևավորման, պետական տեղեկատվական ծրագրերի համաժամանակեցման իրականացում, տեղեկատվական համակարգերի փոխադարձ համալրում և ռացիոնալ օգտագործում.

– պետական կառավարման մարմինների կողմից թվային տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացում, ծախսերի կրճատում, ստացվող արդյունքի մաքսիմալացում, քաղաքացիներին տրամադրվող տեղեկատվության և ծառայությունների որակի բարելավում.

– տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված պետական ստանդարտների մշակում, ներդրման ապահովում և վերահսկողություն.

– միջազգային զարգացումներին համապատասխան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի պետական ստանդարտների մշակում, ներդրում և վերահսկողություն՝ միջազգային մրցունակության և համագործակցության խթանման նպատակով.

– ռադիոեթերի որակի վերահսկման նպատակով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրում.

– Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ, շարժական և ամրակցված գերարագ ինտերնետ կապի հասանելիության ապահովում.

– թվային ինտերակտիվ հեռուստատեսության արդիականացում.

– միջազգային հեռահաղորդակցության միությունում և այլ միջազգային կառույցներում մասնակցություն տիեզերքի խաղաղ օգտագործման, օպտիկական կապուղիների ցանցերում ինտեգրման, ինֆորմացիայի տարանցման, կիբեռանվտան-գության և այլ միջազգային ծրագրերում՝ կապի և թվային ենթակառուցվածքների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացման և տնտեսության տարբեր բնագավառներում օգտագործման ապահովում»:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Share