Categories: News

ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոցը ընդունում է հայտեր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դիմումների ընդունում «ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել տարբեր մասնագիտություն ունեցող կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական գործընթացներում։ Առաջին առաջնորդության դպրոցն ուղղված է լինելու տեղեկատվական ոլորտում կրթություն ստացած և/կամ աշխատող կանանց։

«Կանանց առաջնորդության դպրոց»-ի նպատակն է հնարավորություն ընձեռել 20-25 կանանց՝ տեղեկանալու և հմտություններ զարգացնելու կանանց իրավահավասարության, քաղաքական առաջնորդության, ինչպես նաև շահերի պաշտպանության, մասնակցային ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ։ «Դպրոց»-ն ընդհանուր առմամբ կնպաստի կանանց ինքնազարգացմանը, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը և քաղաքական մասնակցության խթանմանը։

Դպրոցը տեղի կունենա հունիսի 18-20-ը։ Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհի, սննդի և կացության ծախսերն ու այլ կազմակերպչական հարցերը կհոգա ծրագրային թիմը:

Ծրագրի կարևորագույն սկզբունքներից մեկը ներառականությունն է, ուստի խրախուսվում է խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց մասնակցությունը «Կանանց առաջնորդության դպրոց»-ին։ Ծրագրային թիմը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող դիմորդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար:

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ պարտադիր պայմաններին․

– Լինեն չափահաս կին,

– Աշխատեն կամ բարձրագույն կրթություն ունենան (հնարավոր է նաև մագիստրատուրայի ուսանող) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,

– Հետաքրքրված լինեն համայնքային զարգացման և տեղական մակարդակում խնդիրների լուծմամբ և/կամ կանանց քաղաքական մասնակցությամբ։

Հայատառ լրացված դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 9-ը ներառյալ։ Դրա համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Վերջնաժամկետից ուշ լրացված դիմումները չեն դիտարկվի:

Նշենք, որ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն (2018-2021թթ․) իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց քաղաքական մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, նպաստել համայնքային զարգացման գործընթացներին՝ ներգրավելով կանանց և երիտասարդներին, ինչպես նաև տրամադրել առաջնորդության և կարողությունների զարգացման հնարավորություններ։

Share