Մեկնարկեց «Հայաստանի ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը
News 24-06-2019 14:05

Հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում սկսվել է «Հայաստան - Ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը:

Շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

«Հայաստանի ինժեներական շաբաթ»-ի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնեսի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ողջունեց «Հայաստան Ինժեներական շաբաթ»-ի մասնակիցներին՝ խոսելով միջոցառման կարևորության և դերակատարության մասին:

EA (Engineering Association) ճարտարագիտական ասոցիացիայի նախագահ Արամ Սալատյանը կիսվելով միջոցառման հետ կապված իր տպավորություններով խոսեց Հայաստանում արտադրվող ճարտարագիտական արտադրանքի մասին: Պարոն Սալատյանը նշել է, որ Հայաստանը ներուժ ունի գլոբալ ինժեներական աշխարհի վրա ազդելու համար:

Ալմուստաֆա Ա․ Սիսսեն պատմեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա նորարարության եւ հետազոտական միտումների մասին: Պարոն Սիսսեն ոգևորված է Հայաստանի եւ Աֆրիկայի ապագա համագործակցության հնարավորություններով:

Նշենք, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցում են Աֆրիկայի ՄԱԿ-ում ՏՀՏ եւ նորարարության բաժնի տնօրենի պաշտոնակատարը, Տիեզերական գործունեության անդամների միջազգային ասոցիացիայի նախագահն ու բարձր տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց AEW-ի կարևորությունը նրանով, որ այն ներկայացնում է Հայաստանը, որպես ինովացիոն ինժեներական լուծումներ առաջարկող երկիր, առաջացնելով երկրում տեխնոլոգիական առաջընթաց:

Արդեն իսկ այս պահին ստորագրվեցին երկու փոխըմբռնման հուշագրեր՝ առաջինը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR), ճարտարագիտական ասոցիացիայի (EA) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) միջեւ, և երկրորդը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջհամայնքային համագործակցությանը նվիրված, Միավորված ազգերի կազմակերպության Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԷկԱ) եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) միջեւ:

Հիշեցնենք, որ «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: