Categories: News

«Ապագայի բիզնես թրենդները» թեմայով դասընթաց

Հուլիսի 4-ին ժամը 19:00-ին Էլիտ պլազա բիզնես կենտրոնում տեղի կունենա Չոր մարքեթինգի և Be Automated-ի համատեղ սեմինարը, որտեղ 3 խոսնակներ ելույթ կունենան հետևյալ թեմաներով.

Ռազմիկ Արամյանը՝ «High Intelligence» ընկերության պրոդուկտ մենեջերը, կխոսի «Ռոբոտները խլելու են մեր աշխատանքը, բայց դա նորմալ է» թեմայով:

Քայլ առ քայլ մենք հայտնվում ենք մի աշխարհում, որտեղ շատանում են ռոբոտները: Էլոն Մասկն ասում է, որ ռոբոտները կկարողանան անել ամեն ինչ մարդկանցից ավելի լավ:

Արդյո՞ք դա նշանակում է, որ ապագա աշխատատեղերը կլինեն բացարձակապես ավտոմատացված, պե՞տք է արդյոք վախենալ ապագայի մարտահրավերներից, թե՞ պետք է ընդունել առաջարկները: Ինչպե՞ս հաղթահարել տնտեսական ճգնաժամը և լինել երջանիկ: Այս և այլ ռոբոտացված հարցերի մասին կխոսվի սեմինարի ընթացքում:

Միքայել Ավագյանը՝ «Avromic» ընկերության հիմնադիր, կխոսի «Մասնագիտություններ, որոնք չեն լինի 10 տարի հետո» թեմայի շուրջ:

Գործարար գործընթացների ավտոմատացումն այսօր բիզնեսի կառավարման ամենատարածված և արդյունավետ միջոցներից է։Այն նվազեցնում է ծախսերը և մեծացնում տեղեկատվության մուտքագրման, ստացման և վերլուծության արագությունը։

Սակայն գործարար գործընթացների համատարած ավտոմատացումը, ռոբոտաշինությունն ու արհեստական ինտելեկտը միասին հանգեցնում են մի խումբ մասնագետների անհրաժեշտության, որոնք կստեղծեն ու կսպասարկեն արդիական համակարգերն ու տեխնիկան, և կբավարարեն ներկայիս աշխարհի մասնագիտական պահանջմունքները։

Սակայն այսօր դեռևս մեր և անգամ աշխարհի առաջատար բուհերում պատրաստվում են մասնագետներ, որոնք անպիտան են լինելու 10 տարի անց։

Նանե Ավետյանի՝ «Smart production» ընկերության վաճառքների և մարքեթինգի մասնագետի, թեման է «Ռեստորանների և սրճարանների ավտոմատացման առանձնահատկություններն ու թրենդները»:

Օրեցօր ռեստորանների ծանրաբեռնվածությանը զուգահեռ մեծանում է գործընթացներն ավտոմատացնելու պահանջները:

Հիշեցնենք, որ մասնակցության արժեքն է՝ 1000 դրամ, ներառյալ թեյ և սուրճ։ Միջոցառմանը գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share