Categories: News

HIVE Ventures Tech 2019-ի հաղթող է ճանաչվել Wire Stock ստարտափը

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «HIVE Ventures Tech»  սամիթ հնարավորություն է տալիս հայաստանյան նորաստեղծ ստարտափներին իրենց գաղափարներն ու ծրագրերը  ներկայացնել տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային հռչակ վայելող ընկերությունների ներկայացուցիչներին։

HIVE 5-րդ սամիթին մասնակցելու, հաջողության բանաձևով  կիսվելու, իրենց հեղինակավոր գնահատականը նրանց գործունեությանը տալու համար Սիլիկոնյան հովտից Հայաստան են ժամանել Սիլիկոնյան հովտի 20 հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։

Հաղթող ընկերության անունը հայտարարելու պատիվը տրվել է նախարար Հակոբ Արշակյանին։

Նախարարը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է  Հայաստանում բիզնես սկսելու,  իրենց մասնաճյուղերը բացելու մասին նախաձեռնություններին։

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կան հստակ գործառույթներ՝ աջակցելու ոչ միայն տեղական, այլև Սփյուռքի և այլ երկրների տեխնոլոգիական ոլորտի այն կազմակերպություններին, որոնք իրենց մասնաճյուղերն են բացում Հայաստանում։

Նախարարը շեշտել է նաև որակյալ կրթության անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կրթական, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով համալսարաններում թրեյնինգներ կանկացնեն ոլորտի լավագույն մասնագետները, որպեսզի ուսանողները ավարտելուց հետո արդեն սկսեն աշխատել։

Հակոբ Արշակյանը խոսել է նաև բիզնես հմտությունների ձեռքբերման և զարգացման մասին։Նա նշել է, որ բիզնեսի կազմակերպման և կառավարման հմտությունները լավ զարգացած չեն Հայաստանում։ Բայց սովորելով և Սփյուռքի ներուժը ներգրավելով այդ գործընթացում՝  կարող ենք  զարգացնել այդ հմտությունները նույնպես։

Նախարարն իր ելույթն ավարտել է՝ հայտարարելով այն ստարտափի անունը, որը խստապահանջ ժյուրիին կարողացել է վստահեցնել, որ պետք է հենց իր ընկերության համար ներդրում կատարի։

«HIVE Ventures Tech 2019» սամիթի հաղթող է ճանաչվել «Wire Stock» ստարտափ ընկերությունը։

Share