Categories: News

«WCIT 2019»-ն ավարտվեց՝ հետագա WCIT-ների և տեխնոլոգիական համաժողովների համար միջազգային նոր ստանդարտ սահմանելով

«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեն հոկտեմբերի 6-9-ին Երևանում անցկացված ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը նվաճում է համարում տեխնոլոգիական Հայաստանի համար։ «WCIT 2019»-ի երևանյան բեմում տեխնոաշխարհի առաջատարները քննարկեցին, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները դրական ու բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի, բարեկեցության, անվտանգության ու ժողովրդավարության վրա։ 

Համաժողովին մասնակցության համար Հայաստան են ժամանել 1500-2000 օտարերկրյա հյուրեր՝ բանախոսներ, մասնակիցներ, պատվիրակությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ Երևանը մի քանի օր «ապակենտրոնացման ուժով» աշխարհի կենտրոնն էր, որտեղ քննարկվում էր տեխնոլոգիական դարաշրջանի ապագան ու որն իր վրա էր սևեռել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Ընդհանուր առմամբ երևանյան կոնգրեսին մասնակցել է 124 բանախոս և շուրջ 6700 մարդ։  

«Դատելով մեր հյուրերի, հայրենակիցների ու մասնագետների արձագանքներից, սա նվաճում էր Հայաստանի համար։ Այն ինչ սպասում էինք, երազում, պատկերացնում՝ իրականություն դարձավ։ «WCIT 2019»-ը չափանիշներ սահմանեց, որի հետ համեմատվելու են այլ միջոցառումներ, ձգտելու են նույն մակարդակի կամ ավելի լավը կազմակերպել։ Այս մեծ հաջողության համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնին, Մոսկվայի կառավարությանը, «Պիքսարտ» ընկերությանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մեր 20-ից ավելի հովանավորներին։ Մեծ ներդրում են ունեցել նաև հարյուրավոր կամավորներն ու կազմակերպչական գրասենյակի հետ համագործակցող ընկերությունները, որոնց նույնպես մեր շնորհակալությունն ենք հայտնում»,- ամփոփիչ մամուլի ասուլիսում նշել է «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

«Հայաստանում անցկացված ՏՏ համաշխարհային համաժողովը WCIT-ի ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակով և լավագույնս կազմակերպվածն էր»,- նշել է WITSA-ի գլխավոր քարտուղար Ջիմ Պոիզանտը։ 

«WCIT 2019»-ի կազմակերպման համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 5 միլիոն դոլարից (2.4 միլիարդ դրամից) ավելի գումար է տրամադրել, որից 450 միլիոն դրամը հատկացվել է կառավարության կողմից՝ մշակութային միջոցառումների անցկացման նպատակով, մնացածը՝ ԱՏՁՄ-ի և հովանավորների միջոցներն են։ 

Կազմակերպչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. «Մենք՝ «WCIT 2019»-ի կազմակերպիչներս, նպատակ ունեինք իրապես հատուկ բան անել Երևանում: Մենք ցանկանում էինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերելով կազմել WCIT-ի օրակարգը` ուսումնասիրել տեխնոլոգիաների խոստումն ու վտանգը: Մենք մտադրված էինք լրջորեն ընդունելու նույնիսկ վիճահարույց գաղափարները։ 

Մենք հասանք նրան, ինչին ձգտում էինք՝ դեպի Հայաստան ներգրավելով այսօրվա աշխարհի ամենալուրջ ու փորձառու մարդկանց։ Ավելի քան 120 բանախոսի հրավիրեցինք գաղափարների մեծ բեմ՝ «WCIT 2019»-ում առանց մտավախության ներկացնելու իրենց մտքերը։

«WCIT 2019»-ի օրակարգը կազմելիս մենք ոչ միայն համարձակ, այլև նորարար էինք: Մեր պանելային քննարկումների թեմաները (որոնք ուսումնասիրում էին արվեստը՝ խելացի մեքենաների եկող դարաշրջանում, ազգային պաշտպանությունն ու տեղեկատվական պատերազմը, «Սև կարապի» ենթակառուցվածքների ռիսկերը, շրջակա միջավայրի, հասարակության և ժողովրդավարության վրա տեխնոլոգիաների ազդեցությունը) առաջինն էին ոչ միայն WCIT-ների, այլև ցանկացած այլ ՏՏ համաժողովների համար:

«WCIT 2019 Երևանի» 2 բեմերը 3 օրում ընդգրկեցին 21 հիմնական պանելային քննարկումներ և 7 ականավոր բանախոսների ելույթներ: ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը նաև աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց հայկական գիտական ու տեխնոլոգիական նվաճումների երկար ու շարունակական ավանդույթների վրա: «WCIT 2019»-ի ընթացքում մեր սկսած ուշագրավ զրույցը հետագա ամիսներին ու տարիներին կշարունակվի «Երևանյան քննարկումներ» խորագրով»: 

WCIT-ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

 

Share