Categories: News

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիրն ընդունում է հայտեր

ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտական  թիմերը կարող են մասնակցել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Հաղթող թիմերից յուրաքանչյուրը կստանա մինչև 7 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում (ներառյալ հարկերը): Ֆինանսավորումից բացի հաղթող թիմերի հետ կաշխատեն փորձառու մենթորներ և փորձագետներ։

Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը (ներառյալ) լրացնեն առցանց հայտադիմումը անգլերենով և կցեն թիմի անդամների անգլերեն ինքնակենսագրությունները։

Հետազոտական նախագծերի զարգացմանն ուղղված ֆինանսավորում կարող են ստանալ ՀՀ-ում գործող հետազոտական հաստատության կամ համալսարանի 2-5 անդամից բաղկացած այն թիմերը, որոնք իրականացնում են գիտահետազոտական նախագծեր ներքոնշյալ ոլորտներում՝

● Կիրառական մաթեմատիկա,

● Կիրառական ֆիզիկա,

● Էլեկտրոնիկա, Էլեկտրատեխնիկա, Էլեկտրոնային կառավարման համակարգեր,

● Տվյալների հավաքագրում, Տվյալների կառավարում,

● Սիմուլյացիա և մոդելավորում, Բազմաֆիզիկայի մոդելավորում, Ալգորիթմներ,

● Չափման տեխնոլոգիաներ, տվիչներ,

● Վերլուծական քիմիա,

● Կենսաբժշկություն, Թունաբանություն,

● Նյութագիտություն,

● Աէրոզոլային գիտություն,

● Առարկաների ինտերնետ (IoT):

Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, գիտությունը Հայաստանի զարգացմանը նպաստող այն կարևորագույն ճյուղն է, որը մեծածավալ աջակցության կարիք ունի:

«Այս ծրագիրը նպատակ ունի սատարել և խրախուսել գիտնականներին շարունակել իրենց ուղին գիտական ասպարեզում և նորանոր հաջողություններ գրանցել»,- նշել է նա:

«Հայաստանում գիտության ֆինանսավորումը PMI Science-ի գործունեության կարևորագույն ուղղություններից է: Նշեմ, որ մեր կողմից գիտության ոլորտին աջակցությունը գնալով ավելի խոշոր մասշտաբների է հասնելու»,- ընդգծել է PMI R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանը:

Share