Categories: News

Խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումը Հայաստանում – GGJ Armenia 2020

Global Game Jam Armenia-ն, որը հանդիսանում է խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումը Հայաստանում, կանցկացվի հունվարի 31-ից փետրվարի 2-ը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն է Հայաստանում խաղաստեղծների համայնքի ձևավորումն ու զարգացումը։

Մասնակցությունը անվճար է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:

48 ժամ տեւողությամբ խաղերի ստեղծման հաքաթոնի ընթացքում մասնակիցները կպատրաստեն վիդեոխաղեր կամ սեղանի խաղեր։

GGJ Armenia 2020-ի համակազմակերպիչներն են Noor Games-ը, ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) եւ Rockbite Games-ը:

Global Game Jam-ը (GGJ) խաղերի ստեղծման համաշխարհային հաքաթոն է։ Անցյալ տարի GGJ-ը կազմակերպվել է աշխարհի 114 երկրի մոտ 900 քաղաքում և ունեցել է ավելի քան 50.000 մասնակից։

Առաջին անգամ GGJ-ը Հայաստան է եկել 2017թ.-ին՝ Noor Games-ի ջանքերով և սկսած այդ տարվանից ամեն տարի կազմակերպվել է՝ դառնալով ավանդույթ խաղերի ստեղծման ոլորտում։ 2017թ.-ից մինչ օրս Noor Games-ի հետ միասին EPIC-ը եղել է GGJ Armenia-ի համակազմակերպիչը։ Նշենք, որ 2019թ. GGJ Armenia հաքաթոնին մասնակցել է մոտ 110 մարդ և ստեղծվել է 26 խաղ:

«Խաղերի գլոբալ շուկան 2019-ին գնահատվել է մոտ $120 մլրդ, որը ահռելի շուկա է։ Սա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հիանալի հնարավորություն է։ GGJ-ի անցկացման ակնհայտ արդյուներից մեկը այն է, որ նախորդ տարիների որոշ մասնակիցներ այժմ աշխատում են տեղական խաղարտադրող ընկերություններում։ Սակայն մենք վստահ ենք, որ սա երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն է ունենալու խաղերի ստեղծման հայաստանյան էկոհամակարգի վրա»,֊ նշել է Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը։

Խաղային հաքաթոնը սիրված ավանդույթ է Հայաստանում: Ամեն տարի նախորդի համեմատ աճել է և’ մասնակիցների քանակը, և’ խաղերի քանակն ու որակը։ Ընդհանուր առմամբ, 2 տարում մասնակիցների քանակը աճել է ավելի քան 3 անգամ, իսկ ստեղծված խաղերի քանակը ավելի քան 4։

Այսպես՝

2017-ին մոտ 30 մասնակից, 6 խաղ:

2018-ին մոտ 70 մասնակից, 12 խաղ:

2019-ին մոտ 110 մասնակից, 26 խաղ:

«GGJ-ը մրցույթ չէ և պարտադիր չէ, որ մասնակիցները լինեն խաղերի ստեղծման մասնագետներ։ Հաճախ մասնակցում են մարդիկ, ովքեր ուզում են փորձել խաղերի ստեղծման հաճելի պրոցեսը: Շատ ակտիվ են ուսանողները, փորձում են հասկանալ ինչ է իրենից ներկայացնում խաղերի ստեղծումը։ GGJ Armenia-ն ունի մենթորներ, ովքեր կայացած մասնագետներ են իրենց բնագավառում և խորհուրդներով օգնում են մասնակիցներին և’ խաղերի նախագծման փուլում, և’ ստեղծման փուլում», ֊ հավելել է Նարեկ Աղեկյանը։

Այս պահին GGJ Armenia 2020-ին արդեն գրացվել է ավելի քան 120 մասնակից։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար մասնակիցները կարող են հետևել ֆեյսբուքյան միջոցառմանը։

Share