Categories: News

Վայոց ձորում իրականացվում են ծրագրավորման դասընթացներ վեբ և մոբայլ ուղղություններով

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) Հայ Օգնության Ֆոնդի և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) աջակցությամբ 2019 թվականի մարտից Վայոց ձորում իրականացնում է ծրագրավորման դասընթացներ վեբ և մոբայլ ուղղություններով։

Հունվարի 25-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի առաջին փուլի ամփոփումը՝ շրջանավարտների ավարտական միջոցառումը։

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ԳՏՏԿ-ի գործադիր Տնօրեն Ամալյա Եղոյանը, ով նշեց, որ ծրագրի իրականացման նախնական փուլում բազում մտավախություններ կային, սակայն ուրախ է հայտարարել, որ մարզում այն հաջողություններ է գրանցել։ Ներկաներին ողջունեց նաև ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, և անդրադառնալով մարզերում իրենց իրականացրած ծրագրերին շեշտադրեց, որ այն գիտելիքները, որոնք ստացել են ուսանողները դասընթացի 8 ամիսների ընթացքում պետք է հատկապես կիրառվեն ի օգուտ մարզում նորարարությունների ստեղծման։

Ութ ամիս ծրագրավորում ուսումնասիրած ուսանողները ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները, որոնք մասնավորապես մարզային կարևոր նշանակություն ունեին։ Բագրատ Ենգիբարյանը նշեց նաև, որ շրջանավարտները հնարավորություն կստանան մասնակցել ՁԻՀ-ի կողմից հայտարարվող դրամաշնորհային ծրագրերին և  կկարողանան կյանքի կոչել մարզի զարգացմանը նպաստող նորարական գաղափարները։ Բայց շրջանավարտների հնարավորությունները ՏՏ ոլորտում այսքանով չեն սահմանափակվում, դրա մասին փաստում են միջոցառման հաջորդ հյուրերի ելույթները։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ոչ միայն ողջունեց նախաձեռնությունը, այլ նաև իր խոսքում նշեց, որ կարևորում է մարզում ՏՏ ոլորտի կրթության կազմակերպումը և մարզպետարանի թիմը ակտիվորեն կներգրավվի շրջանավարտներին ոչ տեխնոլոգիական արտադրական ոլորտներում աշխատանքային հնարավորություններ ստեղծելու գործընթացին։ ԳՏՏԿ-ին ակտիվորեն համագործակցելով  ՏՏ ոլորտի հայտնի ընկերությունների հետ՝ հնարավորություն է ընձեռնում մարզաբնակ իր շրջանավարտներին այդ ընկերություններում պրակտիկա անցնել, ի դեպ հենց մարզերում։ Այդ ընկերություններից է օրինակ՝ Դիջիթեյնը,  վերջինիս Բաց Ինովացիաների և Մարքեթինգ Հաբի մենեջեր Մարիամ Փաշինյանը միջոցառման ընթացքում խոսեց ընկերության՝ մարզաբնակ երիտասարդների համար իրականացվող ծրագրերի մասին։

Միջոցառման երկրորդ մասում շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները իսկ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրին մարզում աջակցություն ցուցաբերած կառույցների ներկայացուցիչներին՝ Վայոց ձորի մարզպետարան, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, Վայոց ձորի Տարածաշրջանային Պետական Քոլեջ և Եղեգնաձորի հիմնական դպրոց։ Շնորհակալագրեր ստացան նաև ԳՏՏԿ Վայոց ձորի դասախոսները։

Մարզում ծրագիրը շարունակվում է։ Բացի այն, որ այս պահին ևս 25 ուսանող սովորում են վեբ ծրագրավորում, մարտ ամսից սկսվելու են դասընթացներ Java և Python ուղղություններով։

Share