Categories: News

Lucky Carrot-ը ներդրում է ստացել BANA-ի բիզնես հրեշտակների կողմից

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի՝ BANA-ի ներդրողները ներդրում են կատարել Lucky Carrot ստարտափ թիմում։ Ներդրումն օգտագործվելու է թիմի նորարար հարթակի հետագա զարգացման համար։

Lucky Carrot-ի շնորհիվ ընկերությունները բարելավում են  աշխատակիցների ներգրավվածությունը և մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով օնլայն գազարներ, իսկ կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների և ժամանցային վայրերի նվեր քարտերի։

BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը փաստում է, թե ինչու են 4 ներդրողները որոշել հենց այս թիմում ներդրում անել՝ ուժեղ թիմ, ծառայության հանդեպ մեծ ընկերությունների հետաքրքրվածությունը եւ գլոբալ շուկայում զարգանալու հնարավորությունը. «Պրոդուկտը ստեղծվել է շուկայի պահանջներից ելնելով։ Իրենց թիմում խնդիրը լուծելով հասկացել են, որ նույն խնդիրներին բախվում են ուրիշ կազմակերպությունները։ Ուշագրավ է, որ այն ընկերությունները, որոնք Lucky Carrot-ը սկզբում անվճար գրանցվել ու փորձարկել են, հետագայում դարձել են վճարովի հաճախորդներ»։

Ի տարբերություն համաշխարհային շուկայում գործող նմանատիպ հարթակների, Lucky Carrot-ը տալիս է ավելի խորը և օգտակար վերլուծություն։ Ստարտափի առանձնահատկություններից է նաեւ ապահովել ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը աշխատակիցների միջոցով։ Այս մոդելում աշխատակիցները ներդրում են ունենում ընկերության բարեգործական ծրագրերում։ Հաջորդ նորությունն ընկերության inhouse պրոդուկտները բոնուսային հարթակ մտցնելն է, որի միջոցով աշխատակիցը կարող է վերածել իր օնլայն գազարներն ընկերության կողմից տրամադրվող ծառայության։ Վերջինիս շնորհիվ Lucky Carrot-ը պակասեցնում է ընկերության բոնուսային բյուջեն։

«Մասնակցելով Beelline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլին՝ ծանոթացանք BANA-ի ներդրողների հետ։ Բանակցությունների արդյունքում ստացանք մեր առաջին ներդրումը, որի շնորհիվ կկարողանանք թիմը համալրել նոր մասնագետներով, նաև մասնակցել միջազգային կոնֆերանսներին ու նոր հաճախորդներ և գործընկերներ գտնել արտերկրում։ Այս գործընթացն արդեն սկսել ենք», – նշում է Lucky Carrot-ի համահիմնադիր և տնօրեն Մարիամ Գյուլումյանը։

Մարիամը պատմում է, թե ինչպես է ստեղծվել Lucky Carrot-ի գաղափարը. «Մեր մեծ ընկերությունում բոնուսային համակարգը ոչ էֆեկտիվ սկզբունքների վրա էր հիմնված։ Ամեն ամիս ղեկավարությունը պարգևատրում էր ամենալավ դրսևորած աշխատակցին, իսկ մյուսների մոտիվացիան ընկնում էր, քանի որ իրենք էլ էին իրենց լավ դրսևորել։ Մեր ընկերության ներսում կատարած հակաթոնի շնորհիվ 2019-ի հունվարին ստեղծվեց Lucky Carrot-ը․ մենք սկսեցինք այն անմիջապես օգտագործել, իսկ ամիսներ անց մեզ միացիան այլ ընկերություններ»։

Թիմը բաղկացած է 7 հոգուց։ Lucky Carrot-ի թիրախային լսարանի մեջ են մտնում ՏՏ, թվային մարկետինգ և ֆինանսական ոլորտի ընկերությունները, որոնք ունեն 20-ից 5000 աշխատակից։ Այժմ հարթակը օգտագործվում է 27 կազմակերպության կողմից՝ Hero House, SmartClick AI, Chessify, The Crowdfunding Formula, EarlyOne, gg, Seven Smarts, Onex, FinLex, EV Consulting, Deem Communications,  նաև Հաայաստանի Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության կողմից։

Lucky Carrot-ը պլանավորում է դուրս գալ ԱՄՆ, եվրոպական և արաբական երկրներ։ Հավելենք, որ այն տալիս է 45 օր ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։

Share