Categories: News

Գյումրիի եւ Վանաձորի երիտասարդները նորարարական լուծումների օգնությամբ կմասնագիտանան ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում

Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում տեղաբնակ տաղանդավոր երիտասարդները հնարավորություն կունենան ստանալ հմտություններ ոսկերչության եւ դիզայնի ոլորտներում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ջանքերով և Bagheshian Jewellery ոսկերչական սրահի ու արտադրամասի հիմնադիր Էֆրին Բաղի աջակցությամբ:

Համագործակցության շրջանակում կկազմակերպվի 3D մոդելավորում (Rhino3D/RhinoGold ծրագրի) դասընթացը, որի մասնակիցները, ստանալով անհրաժեշտ պրակտիկ հմտություններ, կընդգրկվեն Bagheshian Jewellery-ի համար յուրահատուկ զարդերի մոդելների պատրաստման գործընթացում:

Ծրագիրը, որը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նպատակ ունի կապել նորարարությունն ավանդական ոլորտի՝ ոսկերչության հետ և նպաստել մարզերում աշխատատեղերի ստեղծմանը:

Դասընթացը, որի ընթացքում (նաև առցանց եղանակով) կվերապատրաստվի մինչև 30  ուսանող, կանցկացվի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Այնուհետ կմեկնարկի պրակտիկ աշխատանքների կազմակերպման փուլը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 31-ը։ 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարեւորում է նման նախագծերի միջոցով ոլորտների միջեւ երկխոսության հաստատման հնարավորությունը:

«Համագործակցության շրջանակում կձևավորվի ոլորտների միջև երկխոսություն, արագ կգնահատվեն կարիքները և սեղմ ժամկետներում մասնագետների կողմից  կմշակվեն լուծումներ՝ տնտեսության թիրախային ճյուղերի համար»,- ընդգծել է նա:

Բագրատ Ենգիբարյանի խոսքով,  սա կհանգեցնի արդյունաբերության ավանդական ճյուղերում «խելացի» նորորարական լուծումների կիրառմանը, որը, տնտեսական ճգնաժամի դեպքում, բիզնեսի շարունակականությունը ապահովելու հնարավորություններ կստեղծի:

«Սա երկու կարևորագույն ոլորտների միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորություն է, երբ Հայաստանում ստեղծված նորարարական համաշխարհային կարևորության լուծումներն օգտագործվում են հենց Հայաստանի տնտեսության հզորացման համար»,- ընդգծել է նա:

Գործարար Էֆրին Բաղը կարծում է, որ նման նախաձեռնությունները կնպաստեն նորարարությունն ու արտադրությունը միավորելու գործընթացին:

«Այսօր աշխարհը փոխվում է, եւ այդ փոփոխություններին զուգահեռ երկու ոլորտների համագործակցությամբ կարող է ծնվել նոր մշակույթ, որում ակտիվ մասնակցություն կունենան Հայաստանի մարզերի երիտասարդները: Արդյունքում, ականատեսը կլինենք մարզերի համաչափ զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը եւ արտագաղթի կանխմանը»,- նշել է Էֆրին Բաղը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով, այս ծրագիրը սկիզբն է նորարարական և ավանդական ոլորտների համագործակցության:

«Ականատեսը կարող ենք դառնալ նորարարական կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների մշակման գործընթացներին՝  գյուղատնտեսության, տեքստիլի և հատկապես տուրիզմի ոլորտների համար, ապահովելով վերջիններիս անխափան գործունեությունը արտակարգ իրավիճակներում»,- նշել է նա:

Share