Categories: News

ՄԱԶԾ ImpactAIM-ի կողմից գործարկվող ANAU AgriTech Աքսելերատորն ընդունում է հայտեր

ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագիրն ընդունում է հայտեր։ Ծրագիրը միտված է աջակցելու այն ստարտափ թիմերին և սկսնակ ձեռներեցներին, ովքեր առաջարկում են նորարարական լուծումներ Հայաստանում և աշխարհում գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու համար։

– Տվյալահեն գյուղատնտեսություն,

– Առցանց կառավարման հարթակներ և էլեկտրոնային առևտուր,

– Սննդի արտադրության արժեքային շղթայի արդյունավետության բարձրացում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:

COVID-19-ի մարտահրավերներին նորարարական գաղափարներ առաջարկող անհատներին ու թիմերին կտրվի առաջնահերթություն։

AgriTech ծրագիրն ապահովում է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներ, ոլորտային փորձառություն, բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ կապեր և ֆինանսավորում ստարտափ հիմնելու կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։ Ծրագրի ընթացքում ցուցաբերվելու է անհատական մոտեցում յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։

Հիմնական ծրագրի տևողությունը 3 ամիս է,  ծրագիրը կանցկացվի օնլայն՝ երեք փուլով․

– Ճանաչողական սեսիաներ,

– Ստարտափների զարգացման սեսիաներ,

– Պրոտոտիպերի ստեղծման սեսիաներ:

Ծրագրին կարող են դիմել անհատներ, թիմեր և գրանցված անձինք ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Ֆինանսավորման հասանելիությունը ծրագրի բաղկացուցիչ մասն է: Հաջողակ ստարտափների հետագա զարգացումը խթանելու համար ծրագիրը համագործակցում է նաև ADB ventures-ի ու Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների (STAN) ցանցի հետ, և խոստումնալից ստարտափները հնարավորություն կստանան ներկայացնել իրենց գաղափարները ֆինանսավորման համար։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Cultivate ծրագրի համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև խոստումնալից ստարտափների մասնակցությունը Cultivate միջազգային ծրագրին, որն աջակցում է ագրոտեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափներին ընդլայնել գործունեության շրջանակը։

Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո առավել խոստումնալից մասնակիցները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևներ/դրամաշնորհներ։

Դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 24-ը ներառյալ, ծրագրի բոլոր մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՄԱԶԾ ImpactAIM ANAU AgriTech ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ImpactAIM աքսելերատորը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի, Nation in Action հարթակի հետ՝ Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

Share