Categories: News

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառումն ամփոփում է արդյունքները

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որը  կազմակերպվել էր «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից Հայաստանում Beeline-ի և Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում, ամփոփեց իր արդյունքները։ 

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր»-ն անցկացվեց մրցակցային ձևաչափով։ Հայկական 6 համայնքների՝ Աշտարակի, Ապարանի, Գավառի, Եղվարդի, սահմանամերձ Կոթիի և Այգեհովտի 13-17 տարեկան պատանիները իրենց գաղափարները ներկայացրին միջոցառման ժյուրիին, որի կազմի մեջ մտնում էին Հայաստանում ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանը, Chessify ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը, Ամերիկյան համալսարանի EPIC-ի դիզայն մտածողության փորձագետ Նժդեհ Հովհաննիսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:
Միջոցառմանը մասնակից 13 ստարտափներից հիմնական հաղթող ճանաչվեց Աշտարակի Ստարտափ Ակումբի Belthy առողջապահական ստարտափը, որը կազմում է օգտատիրոջ հիվանդության մոտավոր պատկերը և ուղեկցում նրան բուժման ողջ ընթացքում: Պատանիները կստանան «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից 500 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչպես նաև գրաֆիկական դիզայնի ու բրենդինգի անվճար ծառայություններ Tumo Դիզայնից։
Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ լավագույն թիմերից մեկը՝ Աշտարակից Bright ստարտափը, Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնի:
«Դեմո օրվա ժամանակ մենք իսկապես տպավորված էինք նախագծի այդքան երիտասարդ մասնակիցների ելույթներով: Կասկած էլ չունեմ, որ նրանք մեծագույն հաջողությունների կհասնեն կյանքում ու կնպաստեն Հայաստանի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Միջոցառման գործընկերների՝ Yell Extreme Park, McCain Yerevan, Loft, Owlfinity, Preezma և bitschool ընկերությունների կողմից խրախուսող մրցանակների նաև արժանացան SeeFree, Agrorent, Phoenix Ecosal և Corvus ստարտափները։
«Մեր ամենակարևոր խնդիրն է ապահովել գալիք սերունդներին զարգացման բոլոր հնարավորություններով, այսինքն՝ ստեղծել այն համապատասխան միջավայրը, ստարտափ էկոհամակարգը, որտեղ հետաքրքրված յուրաքանչյուր անձ կկարողանա բարիք ստեղծել» – ընդգծեց «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։
«Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս մարզաբնակ պատանիներին բացահայտել հայկական ստարտափ էկոհամակարգը և ձեռներեցության ոլորտը, ստեղծել և զարգացնել իրենց ստարտափները։ Հայաստանում Beeline-ը և Children of Armenia Fund-ը «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառման գործընկերներն են։
Share