Categories: News

PicsArt ակադեմիան հայտարարում է ընդունելություն APM եւ APD դասընթացների համար

PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակը PicsArt ակադեմիայի շրջանակում  հայտարարում է Associate Product Manager (APM) և Associate Product Design (APD) անվճար վեցամսյա կրթական նոր ծրագրերի մեկնարկի մասին, որոնց դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 11-ն է:

Եթե դուք ցանկանում եք մասնագիտանալ պրոդուկտի ղեկավարման մեջ, ապա APM ծրագիրը ձեզ աննախադեպ հնարավորություն է ընձեռում թե՛ գիտելիք, և թե՛  պրակտիկ փորձ ձեռք բերելու համար։ Իսկ եթե դուք ցանկանում եք ավելի խորացված գիտելիք ձեռք բերել հավելվածների դիզայնի, ձեւավորման և օպտիմալ օգտագործման մասին՝ ապագայում պրոդուկտի դիզայնի պատասխանատու դառնալու նպատակով, ապա շտապեք դիմել Հայաստանում առաջին անգամ առաջարկվող APD ծրագրին։ APM եւ APD ծրագրերը բացառիկ հնարավորություն են տալիս մասնակիցներին նոր մասնագիտացում ստանալու, պրակտիկ խնդիրների վրա աշխատելու եւ այդ ամբողջ ընթացքում PicsArt ընկերությունում վարձատրվող աշխատանքային փորձ ստանալու համար:

«Անցյալ տարի, երբ առաջին անգամ Հայաստանում մեկնարկեցինք APM ծրագիրը, չէինք կարող պատկերացնել, որ այն այսքան հաջողություն կգրանցի։ Այսօր վստահ կարող ենք ասել, որ ծրագրի շրջանավարտներն անփոխարինելի փորձ ու գիտելիքով զինված մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ են».  նշում է PicsArt-ի պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը։

Այն հարցին, թե ո՞րն է ծրագրի ամենագրավիչ մասը, շրջանավարտներից Էլիզավեթը պատասխանեց. «Սա յուրօրինակ հնարավորություն է։ Այդ 6 ամիսների ընթացքում ամբողջությամբ ընդգրկվում ես պրոդուկտի զարգացման բոլոր փուլերի մեջ, մասնակցում պրոդուկտի ձևավորմանը և միաժամանակ ծանոթանում ընկերության տեսլականին ու կորպորատիվ մշակույթին։ Այս ամենն ամուր հիմք է հանդիսանում պրոդուկտը տնօրինելու, ստեղծարար ու թիմային արդյունավետ աշխատանքի համար։ Արդյունքում, երբ միանում ես թիմին որպես մշտական աշխատող, PicsArt ընտանիքի լիարժեք անդամ ես զգում եւ ոչ անփորձ նորեկ»։

Հարկ է նշել նաեւ, որ APM-ը  հաջողությամբ կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ: Նախորդ ծրագրի շրջանավարտներից 8-ն աշխատանքի են անցել PicsArt-ում:

APM դասընթացի մանրամասներն ու հայտադիմումը հասանելի են այստեղ, APD դասընթացինը՝ այստեղ:

Հայտերի ընտրության գործընթացը կանցնի երկու փուլով, որի ընթացքում կգնահատվեն դիմորդների կրթությունը, տեխնիկական հմտություններն ու ծրագրին մասնակցելու բարձր մոտիվացիան, իսկ դասընթացները կմեկնարկեն սեպտեմբեր ամսից՝ 6 ամիս տեւողությամբ:

PicsArt ընկերությունը, որը  համավարակի օրերին էլ ավելի կարեւորեց որակյալ եւ անվճար տեխնոլոգիական կրթության հնարավորությունների ստեղծումը Հայաստանում, գործարկել է նաեւ PicsArt ակադեմիայի academy.picsart.com կայքը, որտեղ ներկայացվում են ընթացիկ ծրագրերը, աշխատանքի հնարավորություններն ու շրջանավարտների պատմությունները: Այս հղումով կարող եք դիտել նաեւ PicsArt ակադեմիայի մասին պատմող տեսահոլովակը:

Share