Categories: News

«Ծրագրավորման հիմունքներ» առցանց դասընթաց՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթաց։

Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`

  • ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,

  •  հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,

  •  ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի    հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,

  •  զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։

Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Նախապատվությունը տրվելու է և առաջնային դիտարկվելու են ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:

Մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքները և հմտություններն են՝

  • Դպրոցական մաթեմատիկայի իմացություն,

  • անգլերեն կարդալու և հասկանալու կարողություններ.

  • նվազագույն համակարգչային գիտելիքներ,

  • անալիտիկ մտածողություն,

  • ոչ ֆորմալ միջավայրում սովորելու կարողություն (հեռավար)։

Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի, անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույցի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական հարցեր)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 60% և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 50% և ավելի միավորը:

«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։ Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից։

Տեսական մասում ենթադրում է համակարգչային գիտությունների հիմունքների և մասնավորապես՝ C++ ծրագրավորման լեզվի բազային թեմաների ուսուցանում և դրանց կիրառությունների վերհանում։ Գործնական մասը ներառում է ինքնուրույն և խմբային կիրառական նախագծեր, տարբեր բնույթի խնդիրներ, առաջադրանքներ և տնային հանձնարարություններ։ Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով: Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է www.ejudge.ru համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։

Դասընթացի ավարտին ուսանողը կունենա ստորև սահմանված գիտելիքները և հմտությունները՝

  • Խորությամբ կհասկանա ծրագրավորման բազային գործիքները և կկարողանա կիրառել դրանք գործնական առաջադրանքներում,

  • կտիրապետի ցիկլերի տեսակներին և օպերատորներին,

  • կկարողանա աշխատել ֆունկցիաներով և ստեղծել ֆունկցիաներ,

  • կկարողանա գործողություններ կատարել միաչափ և երկչափ զանգվածների հետ,

  • կհասկանա ալգորիթմների բարդության գաղափարը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի ավարտական սերտիֆիկատ և մասնակցության տեղեկանք։

Լավագույն արդյունքներ ցուցաբերած 40-50 ուսանողների համար ՀՌՀ-ն կկազմակերպի հավելյալ անվճար երկամսյա դասընթաց՝ նվիրված C++ խորացված գիտելիքներին և տվյալների կառուցվածքին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մինչև 5 ուսանող հնարավորություն կունենա վճարովի հիմունքներով ներառվելու բուհի ներքին գիտահետազոտական աշխատանքներում:

Share