News

Ամփոփվում են ԱՏՁՄ հաքաթոնի արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 7-8-ը «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ 24-ժամյա հաքաթոն՝ միտված պատերազմական իրավիճակում անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը։ Միջոցառումն իրականացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից նախապես հայտարարված ԱՏ համայնքի մոբիլիզացիայի շրջանակներում։

Հաքաթոնի նպատակը ոչ թե յուրաքանչյուր կատեգորիայի համար հաղթող առանձին թիմ ճանաչելն էր, այլ՝ յուրաքանչյուր ոլորտի համար լավագույն լուծում գտնելը, ինչը հնարավորություն տվեց թիմերին միասին աշխատել վերջնական լուծումներն ստանալու համար:

Աշխատանքների արդյունքում գեներացվեց շուրջ 20 գաղափար՝ տեղեկատվական անվտանգության իրազեկման, սոցիալական մեդիայի հարթակների օպտիմալացման ու կամավորական աշխատանքների աջակցման ուղղություններով։ Արդյունքում, 30-ից ավել մասնակից աշխատեց չորս նախագծերի շուրջ, որոնք ենթադրում էին առցանց հարթակների ստեղծում կեղծ լուրերի դուրսհանման, հաստատված տեղեկության արդյունավետ տարածման, կամավորների ու կամավոր փնտրող նախագծերի համապատասխանեցման և հումանիտար օգնության առավել արդյունավետ հավքագրման ու բաշխման համար։

«Ես շատ տպավորված էի մասնակիցների կոլեկտիվ մտածողության ու առանցքային խնդիրների դասակարգման կարողություններով, ինչպես նաև ուժեղ թիմային աշխատանքով, ինչը միտված էր ստեղծելու լուծումներ, որոնք կարող են իրական ազդեցություն ունենալ մեր քաղաքացիների ու հասարակության կյանքում՝ ինչպես այս ծանր օրերին, այնպես էլ հետագայում», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Թիմերը ներկայացրին իրենց նախագծերի հիմնավորումներն ու գալիք օրերին կաշխատեն վերոնշյալ նպատակներով ձևավորվող առցանց հարթակների վերջնականացման շուրջ։ ԱՏՁՄ-ի խնդրանքով «ԱրմՍեկ» համայնքի կիբերանվտանգության մասնագետները կհետազոտեն նախագծերը՝ վստահանալու, որ դրանք համապատասխանում են անվտանգության չափանիշներին։

Share