ԱՏՁՄ վարչության հայտարարությունը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչությունը, արձագանքելով Հայաստանում ստեղծված իրավիճակին, հայտարարում է.
«Սեպտեմբերի 27-ը և, ի վերջո, նոյեմբերի 10-ը ճակատագրական էին բոլորիս համար: Մենք հայտնվեցինք մի իրականության մեջ, որը կարող էինք պատկերացնել միայն վատագույն երազում։ Այժմ էլ դեռ կանգնած ենք մեծագույն մարտահրավերի առաջ։ Երկրի կայունության ապահովումը, դասելով ամեն ինչից վեր, և միաժամանակ գիտակցելով մեր ընդհանուր ապագայի հանդեպ այսօրվա հրամայականը՝ բարձր տեխնոլոգիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս և խմբերս հայտնում ենք հետևյալը.
Ներկայիս իրավիճակի պատասխանատվության մեր բաժինը գիտակցում ենք թե՛ մասնագիտական համայնքի, թե՛ անհատական մակարդակում: Միայն վերջին 44 օրում բոլորիս համախմբումը ցույց տվեց, թե ինչպիսի իրական ներուժ ունենք՝ հստակեցված ազգային օրակարգի ու ԲԱՆԱԿ-ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ամուր կապի դեպքում։ Մենք արդեն ձևավորել ենք այդ օրակարգը մեզ համար, պատրաստ ենք համագործակցել և առաջարկում ենք, որ նման օրակարգ ձևավորեն նաև մյուս ոլորտների մասնագետները։
Սիրելի՛ հայրենակիցներ, ամրապնդենք այն բոլոր խմբերը, որոնց հետ աշխատում էինք այս օրերին, ներգրավվենք որևէ խմբի աշխատանքներին կամ նախաձեռնենք նորերը, զինվորագրվենք հզոր պետություն կառուցելու օրակարգին: