Categories: News

Դրամահավաք՝ DJI STEAM կրթական ծրագիրը Հայաստան բերելու նպատակով

Դեռևս 2020 թվականի մարտից, նախքան Արցախյան վերջին պատերազմը, Ստարտափ Արմենիա հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։

DJI-ը աշխարհի ամենամեծ դրոնաշինական ընկերությունն է, որն իրացնում է համաշխարհային կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) վաճառքների շուրջ 70%-ը։ Սպառողական դրոններից զատ, DJI-ը մշակել է նաև հատուկ STEAM համակարգի վրա ստեղծված կրթական ծրագրեր, որոնք հիմնված են իր իսկ հատուկ մշակված դրոնների և ռոբոտների վրա:

Նախնական բանակցությունների արդյունքում Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնադրած նոր ընկերությունը՝ «Ռեսփո»-ն դարձավ DJI STEAM-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Որոշակի ներդրումների շնորհիվ այս նոր ընկերությունը արդեն ձեռք է բերել DJI STEAM կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարաններում: Այնուամենայնիվ, Հայաստանում կրթական ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար զգացվում է հավելյալ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն:

Հաշվի առնելով դրոնների և ռոբոտների վրա հիմնված կրթության օրըստօրե աճող կենսական կարևորությունը, նամանավանդ այս վերջին պարտադրյալ պատերազմից հետո, նախաձեռնությունը կյանքի կոչելու անհրաժեշտությունն առավել քան երբևէ բարձրացավ։ Այն իրականացնելու համար, սակայն, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ֆինանսական աջակցությունը որպեսզի կարողանանք կրթել մասնագետներ, որոնք մոտ ապագայում կնպաստեն մեր ազգային պաշտպանության և անվտանգության արդյունաբերության առաջխաղացմանը։ Թե ինչպես օգնել, իմացեք այստեղ։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա և հավաքվի անհրաժեշտ գումարը, Ստարտափ Արմենիա հիմնադրամը կրթական ծրագրի մեկնարկը փետրվարին արդեն կազդարարի։
Իսկ մինչ այդ նախաձեռնության, դրա հնարավորությունների ու հեռանկարների մասին StartHub Armenia-ն զրուցել է Ստարտափ Արմենիա հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանի հետ։

Share