Categories: Startups

Դեկտեմբերի 6ին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց SSSholidays-ը

2021 թվականի դեկտեմբերի 6-ից 12-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա նահանգում Ստարտափ Արմենիա հիմնադրամի, ԱՏՁՄ-ի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ընթանում է Սիսայդ Ստարտափ Սամմիթ նախագիծը այս անգամ նոր՝ «SSSholidays» ձևաչափով։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։  Շուրջ 25 ստարտափ թիմերը անցել են հատուկ մշակված կրթական ծրագիր և այսօր կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:

Ի տարբերություն Սևան Ստարտափ Սամմիթի «SSSholidays»-ը նոր ձևաչափ է, որտեղ մասնակիցները մնում են ոչ թե վրաններում, այլ Ռաս Ալ Խայմայում գտնվող DoubleTree by Hilton ծովափնյա հյուրանոցում։

Այս միջոցառումը լուրջ հնարավորություն է ընձեռում հայ գործարարներին ընդլայնելու իրենց գործնական շրջանակները թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ ՀՀ ողջ էկոհամակարգի շրջանում։ Այն նաև շատ կարևոր է ՀՀ և ԱՄԷ բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։

Երեկ տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացման մասին խոսեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Ras Al Khaimah Transportation Authority»-ի գլխավոր տնօրեն Իսմայել Հասան Ալբուշին, միջին արևելքում «Kaspersky» կիբերանվտանգության ծառայությունների մարդկային ռեսուրսների ղեկավար Արա Առաքելյանը և «TK Partners» իրավաբանական ընկերության հիմնադիր Ալեքսանդր Խաչատուրյանը։

Միջոցառման շրջանակներում մասնակիցները այցելեցին Էքսպո 2020 Դուբայ  ցուցահանդես, Հայաստանի տաղավար:

Հիշեցնենք, որ Ստարտափ Արմենիա հիմնադրամ 2016 թվականից ի վեր կազմակերպում է  Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և այնուհետև Հնդկաստանում՝  Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարիների ընթացքում  «SSS»-ը հյուրընկալել է ավելի քան 25 000 մասնակից աշխարհի 90 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները գերազանցել են 4 միլիոն ԱՄՆ դոլարը։ Գործունեության 5 տարիների ընթացքում միջոցառումը լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն յուրահատուկ դեր ունի Սփյուռքում ստարտափ ոլորտում հաջողված մեր հայրենակիցների և տեղական էկոհամակարգի միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթացում:

Share