Categories: Startups

Forest Berg ստարտափը կստեղծի անօրինական ծառահատումները կանխարգելող խելացի համակարգ

Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափի հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։

Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմկերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։

Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։

Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենդ «Forest Berg» ստարտափի տեխնիկական գծով տնօրեն և համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ։

-Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ստարտափը։

-Մենք ցանկանում ենք ստեղծել անտառները վերահսկող (SFMS) խելացի համակարգ, որը կկարողանա կանխարգելել անօրինական ծառահատումները, հրդեհները և անտառային այլ պատահարներ։

-Ինչպե՞ս է աշխատելու նշված համակարգը։

-Անտառում ամեն հեկտարը մեկ մենք կտեղադրենք սենսոր, որը կձայնագրի շրջակա ձայները, ապա կփոխանցի սերվերին, որտեղ և դրանք կենթարկվեն մշակման։ Հայտնաբերելով անտառին ոչ բնորոշ  ձայներ կամ հրդեհի վտանգ՝ համակարգը  կտեղեկացնի այդ մասին պատկան  մարմիններին`տրամադրելով պատահարի վայրի ստույգ կոորդինատները և տեսակը։

-Ինչու՞ եք որոշել ստեղծել նմանատիպ համակարգ։

– Մենք թիմով շատ ենք գնում արշավների, որից մեկի ընթացքում արձանագրեցինք ապօրինի ծառահատման դեպք։ Այս դեպքի հետո որոշեցինք, որ անհրաժեշտ է գտնել մի լուծում, որը հնարավորություն կտա կանխարգելել նման պատահարները։

– Որքա՞ն ժամանակ է, ինչ ձևավորվել է Ձեր ստարտափը։

– Որպես ստարտափ սկսել ենք ներկայանալ այս տարվա փետրվարից, սակայն գաղափարը գեներացվել է դեռևս 2017 թվականին։

– Հասցրե՞լ եք արդեն կանխարգելել որևէ ապօրինի ծառահատում։

– Մեր համակարգը դեռևս կիրառում չի գտել. այն մշակման փուլում է։ Համակարգն ամբողջովին նախատեսում ենք գործարկել մյուս տարվա ամռանը։ Սակայն ունենք պիլոտային ծրագիր, որը կմեկնարկի հոկտեմբերին՝ Ստեփանավանի անտառներից մեկում։ Այս ծրագրի շրջանակներում համագործակցում ենք «Armenian tree project»-ի հետ։ Համագործակցության հիմնական նպատակը այնտեղ նոր տնկված ծառերի հրդեհման պատճառը հայտնաբերելն է։

 Նաև բանավոր համաձայնություն ունենք UNDP-ի հետ՝ մեր համակարգը պատրաստ լինելուն պես կիրառել այն Դիլիջանի և Իջևանի անտառերում։

– Ո՞րն է Ձեր համակարգի մրցակցային առավելությունը։

– Այն խնդիրները, որոնց լուծումն առաջարկում ենք մենք, մինչև հիմա լուծվում են երկու եղանակով. արբանյակներից կամ անօդաչու թռչող սարքերից ստացած նկարների միջոցով։ Ի տարբերություն դրանց, մենք առաջարկում ենք ավելի արդյունավետ լուծում՝ իրական ժամանակում։ Այսինքն՝ մեր համակարգը ֆիքսում է ոչ թե ծառահատման կամ հրդեհի հետևանքը, այլ՝ հենց ընթացքը։

– Beeline Startup Incubator-ն ի՞նչ տվեց Ձեր ստարտափին։

– Beeline incubator-ի ցիկլի ընթացքում ծանոթանում ես տարբեր ստարտափների հետ, որոնք աջակցում են քո իսկ ստարտափի զարգացմանը։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ առանց աշխատողների գործն առաջ է գնում։ Բացի այդ, տարածքն է շատ հարմար աշխատելու և նոր գաղափարներ գեներացնելու համար, նաև այստեղ ծանոթանում ես այնպիսի մարդկանց հետ, ովքեր կարող է օգնել քեզ՝ գաղափարը զարգացնելու, ինչու չէ, նաև ներդրումներ ներգրավելու հարցում։

Լուսանկարները տրամադրել է Forest Berg ստարտափը։

Share