Categories: Startups

EasyTraveling ստարտափի հիմնադիրները հանգիստն արագ կազմակերպելու նոր լուծում են առաջարկում

Ճամփորդությունն ինքնուրույն կազմակերպելը բավականին բարդ գործընթաց է։ Այդ է պատճառը, որ շատերս դիմում ենք տուրիստական գործակալների օգնությանը։ Մատչելի ու հարմարավետ հանգստի տարբերակ փնտրելու նպատակով ստիպված ենք լինում զանգահարել մի քանի ընկերություն, նշումներ անել ու համեմատել տարբերակները։ Արդյունքում հրաժարվում ենք այդքան սպասված հանգստից՝ խճճվելով ստացած իրարամերժ տեղեկատվությունից։

Այս խնդիրները լուծելու նպատակով արդեն մի քանի ամիս գործարկվել է EasyTraveling բջջային հավելվածը, որի միջոցով կարելի է արագ և մեկ հարցումով ստանալ հանգիստը կազմակերպելու համար բոլոր հուզող հարցերի պատասխանը։

Իսկ թե ինչպե՞ս են ստարտափի հեղինակները լուծում այդ խնդիրը, փորձել ենք պարզել EasyTraveling կազմակերպության մենեջեր Նարե Մկրտչյանից։

– Կպատմե՞ք EasyTraveling հավելվածի մասին։

– EasyTraveling օնլայն հարթակ է՝ բջջային հավելված, որը կապում է ճամփորդելու նպատակ ունեցող ցանկացած անձի տուրիստական կազմակերպությունների հետ։ Ծրագիրը գործարկվել է այս տարի՝ մայիս ամսից, հասանելի է և՛ iOS, և՛Android համակարգերի համար։ Անվճար է և գործում է երեք լեզվով է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

-Ինչպե՞ս է աշխատում հավելվածը։

-Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է լրացնել մի քանի պարզ դաշտ գրանցման համար, որից հետո օգտատերը իր կողմից նշված էլեկտրոնային հասցեով հաստատում է գրանցումը և սկսում է օգտվել հավելվածից։ Հարցման դաշտը հարցաթերթիկ հիշեցնող էջ է, որտեղ օգտատերը նշում է իր նախընտրած պայմանները հանգստի համար՝ երկիրը, քաղաքը, հյուրանոցի դասը և ուղարկումը հարցումը, որը նույն պահին ստանում են մի քանի տասնյակ տուրիստական գործակալություններ։ 

Ավելին, հավելվածում առկա է տուրիստական ընկերությունների կողմից ներկայացված հատուկ առաջարկների բաժին, հնարավոր է նաև հարցում անել Ձեր նախընտրած տուրիստական գործակալությանը։ Օգտատերերի համար նախատեսել ենք նաև հաճելի անակնկալ՝ բոնուսային համակարգ, որի միջոցով վերջիններս կուտակում են բոնուսային միավորներ հավելվածի միջոցով յուրաքանչյուր ամրագրումից և այդ միավորները կարող են ստանալ կանխիկ մեր գրասենյակից:

– Ունեք արդյոք հստակ օգտատերերի թիվ։

– Արդեն ունենք 1800-ից ավել օգտատեր։ Իհարկե, սկզբում դժվար էր, քանի որ շատ օգտատերերի շրջանում կար մտավախություն իրենց տվյալների և ամրագրումների արդյունքում  անվտանգության հետ կապված, սակայն այդ ամենը նույնպես առավելագույն ապահոված է և յուրաքանչյուր օգտատեր կարող է համոզվել ինքնուրույն կամ դիմել մեզ ցանկացած պահի, քանի որ մեր կոնտակտային կենտրոնը աշխատում է 24 ժամ՝ շաբաթը 7օր։ Այս պահին սակայն այդ խնդիրն էլ հաղթահարման փուլում է, և մարդիկ արդեն իսկ լցված են վստահությամբ ծրագրի և առաջարկվող նորամուծությունների հանդեպ։

Անահիտ Լալայան

Share