Categories: Startups

Krisp-ը 5 մլն դոլար է ներգրավել սիլիկոնյան հովտի մեծ ֆոնդերից

Ամերիկյան Techcrunch հարթակը հայտնում է, որ հայկական Krisp ընկերությունը Ա ներդրումային շրջափուլի արդյունքում ներգրավել է 5 մլն դոլար, ինչը ընկերության իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիայի պահանջարկի կտրուկ աճի հետևանք է։Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բազմաթիվ ընկերություններ անցել են հեռահար աշխատանքի, իսկ տանից աշխատող և անընդմեջ առցանց շփման մեջ գտնվող մարդկանց համար Krisp-ի տեխնոլոգիաներն անփոխարինելի են։

Հոդվածագիրը նշում է, որ Krisp-ին առաջին անգամ հանդիպել է դեռևս 2018թ.-ին, երբ նրանք նոր էին ավարտել Berkeley SkyDeck-ի աքսելերացիոն շրջանը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա հիմնված Krisp-ի լուծումները թույլ են տալիս ձայնը մաքրել անչափ կարճ ժամանակահատվածում` 15 միլիվայրկյան, ինչև թույլ է տալիս դրանք գործարկել գրեթե ցանկացած էլեկտրոնային սարքի վրա, մասնավորապես՝ սմարթֆոնների։

Techcrunch-ի հետ զրույցում Krisp-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը նշել է, որ մինչ անցյալ տարվա վերջ ընկերության եկամուտները գոյանում էին անհատներից՝ PRO փաթեթի վաճառքից։ 2019թ.-ի վերջից ընկերությունը սկսել է աշխատել կորպորատիվ հաճախորդների հետ։ Կորոնավիրուսի համավարակը զգալիորեն արագացրել է նշված ուղղության զարգացումը և արդեն մարտ ամսին Krisp-ը 2,000 լիցենզիա է վաճառում նյուն քանակի աշխատակից ունեցող ընկերության։ Ընկերության հաճախորդներն են բանկեր, հեռազանգերի խոշոր կենտրոններ և այլ ընկերություններ։ Այժմ ավելի մեծ ընկերություններ են դիմում Krisp-ի տեխնոլոգիաների օգնությանը, որոնց թվում է նաև 40,000 աշխատակից ունեցող խոշոր հեռազանգերի կենտրոն։ Կարճ ժամանակում ընկերության կորպորատիվ հաճախորդների թիվը 0-ից հասել է 600-ի և 4 մլն դոլար ամեն տարի կրկնվող եկամտի։ Բաղդասարյանը նաև նշել է, որ Krisp-ի տեխնոլոգիաներն ամբողջովին գործում են հաճախորդների սարքերի վրա, ինչն էլ բացառում է տվյալների արտահոսքը։ Հավելելով, որ իրենք անընդմեջ կատարելագործում են տեխնոլոգիան այս ուղղությամբ։

Դավիթ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է 5 մլն դոլարի ներգրավման մասին լուրը։

«$5M Series A ներդրում, նոր և մեծ պլաններ։ Սա մեր ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Շնորհավորում եմ ամբողջ Krisp թիմին։ Դեռ ամենինչ նոր է սկսվում», – նշել է նա։

Ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը ևս անդրադարձել է թեմային։

«Հրաշալի նորություններ. Krisp-ը ստանալով $5 միլիոն ներդրում սիլիկոնյան հովտի մեծ ֆոնդերից` մտնում է իր զարգացման նոր փուլ՝ կենտրոնանալով ընդլայման և արագ աճի վրա։ Իսկ սա նշանակում է՝

– Գիտական հենքով նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ստեղծում Հայաստանում։

– Մարկետինգի և վաճառնքերի վրա գերկենտրոնացում։ Նպատակը հաջորդ մեկ տարում վճարող օգտագործողների քանակը հնգապատկելն է։

– Թիմի ընդլայնում 30 պրոֆեսիոնալներով, որոնք նոր գիտելիք, փորձառություն և շունչ կբերեն մեր ընկերությանը։

Ընկերության նպատակներից մեկը մնում է հաջորդ մի քանի տարում դառնալ առնվազն մեկ միլիարդ $ գնահատվող ստարտափ։ Չորս տարի առաջ, երբ շատ փոքր թմով սկսել էինք աշխատել տեխնոլոգիայի վրա, նույնիսկ նման ճանաչում և հաջողություններ պատկերացնելը անհնար էր թվում», – գրել է Մինասյանը։

Share