Սեպտեմբեր, 2020
September 2020
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Starthub 360. Չուս (Խեսուս) Լոզանո՝ իսպանացի ձեռներեց, բիզնես հրեշտակ
360 25/08/2020 19:41

Starthub 360-ի հյուրը Չուս (Խեսուս) Լոզանոն է։ Իսպանացի ձեռներեց, բիզնես հրեշտակ, հիմնադրել է  Silicon Seeds սաղմնային ներդրումներով զբաղվող հիմնադրամը։ Չուսը  ՏՏ ոլորտի միջազգային փորձագետ է, մենթոր, ձեռնարկատեր, գործակցում է ՀՀ-ում Եվրոպական Միության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրի հետ և աջակցում է Հայաստանում ստարթափ էկոհամակարգի զարգացմանը։ TopChallenge աքսելերացիոն ծրագրի համահեղինակ է, ինկուբատորների և աքսելերացիոն ծրագրերի փորձագետ։ Մենթոր, որը աշխատում է 6 աքսելերատորների հետ։

«Ես որոշեցի գալ Հայաստան, որովհետև իմ կինը հայ է և մենք ունենք 2 հայ երեխա․ շատ տարիներ ապրելով Չինաստանում և Իսպանիայում, որոշեցինք մեր երեխաներին հնարավորություն տալ մեծանալ Հայաստանում»,- պատմում է Չուսը։

Չուսը Եվրոպական ինովացիոն խորհրդի բարձրակարգ փորձագետներից է։ Այն բարձր տեխնոլոգիաների ստարտափների եվրոպական ամենամեծ ֆոնդն է։ Ինովացիաների ոլորտում աշխատում է տարբեր երկրների կառավարությունների համար։ «Երբ որոշեցինք տեղափոխվել Հայաստան, դիմեցի Եվրոպական խորհրդին, հասկանալու համար՝ արդյո՞ք կարող եմ աջակցել Հայաստանին, կա՞ն  նախաձեռնություններ։ Պարզվեց Եվրոպական խորհուրդը ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և կան կատարյալ պայմաններ տեղափոխվելու, ընտանիքիս հետ ապրելու, որպես փորձագետ աշխատելու և երկրի զարգացմանն աջակցելու համար»,- նշում է Չուսը։

Ըստ Չուսի, Հայաստանը գտնվում է  էկոսիստեմի կառուցման սկզբնական փուլում։ Առանձնացնում է հայկական ստարտափների 3 հիմնական խնդիրները՝ գաղափարից մինչև միջազգայնացման փուլերում։

«Հայաստանում առաջին խնդիրը՝ ձեռներեցն է, Հայաստանում կան շատ ձեռներեցներ, բայց նրանք շատ տեղ ունեն զարգանալու։ Հիմնականում 24-28 տարեկան են, չունեն փորձ և ավելի շատ կենտրոնացած են իրենց պրոդուկտի, ոչ թե հաճախորդի կարիքների վրա։ Պետք է ռեսուրսներ ուղղել երիտասարդ ձեռներեցներին կրթելու, զարգացնելու համար, որպեսզի դառնան հաճախորդակենտրոն լուծումներ առաջարկող։ Խնդիրներ կան, նաև գաղափարի փուլում։ Առաջարկվող գաղափարները որևէ խնդրի լուծմանն ուղղված չեն, շուկայում կարիքը չկա։ Մյուս խնդիրը միջազգայնացումն է։ Այստեղ շուկան փոքր է, բայց երկրից դուրս հաճախորդ գտնելը դժվար է։ Ցավոք, չունենք համապատասխան ծրագրեր, մեր աքսելերատորները կապված չեն միջազգային գործընկերների հետ»,- նշում է Չուսը։

Որպես դրական կողմ Չուսը նշում է Հայաստանի ինժեներական միտքը։ Ըստ նրա, Հայաստանում կան շատ լավ  ինժեներներ, մաթեմատիկներ, ծրագրավորողներ։ «Այժմ իմ իսպանական ընկերություններից մեկը տեղափոխում եմ Հայաստան։ Այստեղ կա գործիքակազմ, որը դժվար է գտնել Իսպանիայում։ Կա նաև լավ կրթություն։ Մյուս կարևոր առավելությունը համագործակցությունն է, փոքր քաղաք է, հեշտ է տեղաշարժվելը։ Կան տարբեր միջոցառումներ, որոնք կարող են օգտակար լինել ձեռներեցի համար, ինչպես օրինակ WCIT-ին էր։ Մեծ ցանկություն ունեմ աշխատել Հայաստանի կառավարության հետ։ Կարող եմ աջակցել, քանի որ հետազոտել եմ, ուսումնասիրել եմ ՏՀՏ ոլորտը և նույնիսկ ուղեցույց եմ կազմել՝ ինչպես ստեղծել էկոսիստեմ։ Կառավարությունը պետք է քաղաքականություն մշակող լինի։ Ես գիտեմ լուծումներ, բայց դեռ հնարավորություն չի եղել աշխատելու կառավարության հետ»,-պատմում է Չուսը։

Հայաստանի ապագայի հետ կապված Չուսը  դրական սպասելիքներ ունի, արդեն մեծ ընկերություններից ոմանք գալիս են Հայաստան։  «Մի խոշոր ամերիկյան ՏՏ ընկերություն այստեղ ուզում է ստեղծել ինկուբատոր, խոշոր ընկերություններ գալիս են օգնելու տեղի ձեռներեցներին։ Ինկուբատորների ղեկավարները, բիզնես հրեշտակները, ձեռներեցները տարեցտարի ավելի  են զարգանում։ Աշխատում  եմ BANA-ի հետ  և այն, ինչ անում են նրանք հիմա, անհամեմատելի է 2 տարի առաջվա հետ։ Հստակ տեսնում եմ մասնագետների, որոնք կարողանում են գտնել ներդրման համար լավ հնարավորություններ։ Կամ օրինակ «Սևան ստարտափ սամիթը», որը դառնում  է ավելի միջազգային՝ ներգրավելով շատ արտասահմանցիների։ Փոփոխություն կա, չենք կարող 2019-ի սամիթը համեմատել 3 տարի առաջվա հետ, ինձ համար այն աշխարհի ամենաոգեշնչող ու հետաքրքիր հավաքն է։ Լավ մոդել ունի, մարդիկ 7 օրով գալիս են, մեծ ոգեշնչում ստանում՝ դեպի  գործողություններ։ Տեսնում եմ, որ գաղափարական քարտեզը ամեն տարի ավելի պրոֆեսիոնալ է դառնում, համոզված եմ, որ 2-3 տարուց կլսենք խոշոր ներդրումների և մեծ ստարտափների մասին», – նշում է Չուսը։