Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
3 նախապայման՝ հաջող ստարտափ ունենալու համար
Guides 25/06/2018 12:33

Բիզնեսը սկսում է գաղափարից: Ամեն օր ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց մոտ ծագում են զանազան բիզնես գաղափարներ, որոնք խիստ տարբեր են՝ երբեմն պարզ կամ անհավանական, երբեմն՝ խիստ հետաքրքիր ու խոստումնալից: Ամենահամարձակներն իրենց բիզնես գաղափարները փորձում են կյանքի կոչել՝ համոզված լինելով, որ նման փայլուն գաղափարների շուրջ ստեղծված ստարտափերը չեն կարող ձախողել: Սակայն, փորձով ապացուցված ճշմարտություն է՝ փայլուն գաղափար ունենալուն ու այդ գաղափարը հաջողությամբ իրագործելը միմյանցից շատ հեռու իրականություններ են:

Եթե Դուք ունեք լավ բիզնես գաղափար, որի շուրջ երկար մտածել եք, մտքում գծել եք այդ գաղափարից բիզնես հիմնելու ճանապարհը, ունեք ֆինանսներ մեկնարկի համար և արդեն հավաքել եք թիմ, ապա ժամանակն է համոզվելու, որ Դուք աչքի առաջ ունենք նաև այս 3 կարևոր նախապայմանները, որոնք կօգնեն Ձեզ ունենալ հաջող ստարտափ ու զարգացման կայուն հիմքեր:

1. Շուկայի խոր իմացություն

Սեփական գաղափարներով ոգևորված և օր ու գիշեր իրենց բիզնես նախագծերի մասին մտածող գործարարները գրեթե միշտ հիանալի պատկերացնում են իրենց կողմից մշակվող արտադրանքի և/կամ ծառայության բոլոր մանրամասներն ու հնարավորությունները: Եթե Դուք այդպիսինն եք, ապա դա, անկասկած, նշանակում է, որ Դուք գիտակ եք Ձեր գործում և գիտեք՝ ինչ եք անում: Բայց, նման մեծ ջանասիրությամբ պետք է ուսումնասիրել նաև շուկան, իմանալ՝ ինչ է կատարվում շուկայում, լավագույնս ճանաչել Ձեր մրցակիցներին և նրանց արտադրանքը և/կամ ծառայությունը: Որքան խորն ու ընդգրկուն է տեղեկատվությունը շուկայի զարգացման հնարավորությունների, մրցակցային դաշտի և սպառողների վարքագծի վերաբերյալ, այնքան մեծ է որպես հաջող ստարտափ կայանալու և զարգանալու համար:

2. Հստակ առաքելություն

Երբ ստարտափի համար գալիս են դժվար ժամանակներ (իսկ այդպիսիք միշտ կան), ապա դժվարությունները հաջողությամբ կարողանում են հաղթահարել միայն այն գործարարները, ովքեր ունեն անսահման մեծ նվիրվածությունն իրենց գաղափարին, հստակ պատկերացում՝ ի՞նչ են ուզում, մանրամասն գծված քարտեզ՝ ո՞ւր և ի՞նչպես են շարժվում: Ստարտափ ստեղծելը պահանջում է ճշմարիտ նվիրվածություն բիզնես գաղափարին և առաքելությանը, որպեսզի հնարավոր վայրէջքները արժանավայել հաղթահարվեն: Ստարտափի առաքելությունը կենսական էներգիա է, որն ուղղորդում է գործարարին, հիմնադրին, համահիմնադրին, ամբողջ թիմին: Հստակ սահմանված առաքելությունն է, որ «ստիպում է» լինել վստահ և համարձակ՝ մարտահրավերներին դիմակայելու, առաջ շարժվելու և հաջողության հասնելու վճռականություն ունենալու համար:

3. Հիմնավոր վիճակագրություն

Գործընկերներ ձեռք բերելու և ֆինանսավորում գտնելու համար շատ կարևոր է, որպեսզի Ձեր ստարտափի հաջողության մեջ նույնքան վստահ լինեն մյուսները, որքան Դուք: Հետևաբար, պետք է կարողանալ հիմնավորել, թե  Ձեր ստարտափի արտադրանքը և/կամ ծառայությունը որքան պահանջարկ ունի, որքան ժամանակ կվայելի թիրախային շուկայի հետաքրքրությունը, որքան են պատրաստ վճարել սպառողները և այլն: Նման տեղեկատվության հավաքագրման համար որպես աղբյուր կարող են ծառայել հարցումները, հետազոտությունները, ֆոկուս-խմբերը, սպառողների հետ անմիջական շփումները:

Ստարտափի համար լավ գաղափարն առաջին քայլն է, բայց հստակ սահմանված առաքելությունը, շուկայի խորը ուսումնասիրությունը և Ձեր բիզնեսի վիճակագրական հիմնավորումն այն կարևոր նախապայմաններն են, առանց որոնց Դուք դժվար թե հասնեք հաջողության, բայց որոնց շնորհիվ Դուք պարզապես «պարտավոր եք» ունենալ բիզնեսի երկարատև հաջողություն: