Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինչպես գրանցել բիզնես Հայաստանում
Guides 08/08/2018 12:39

Գաղափարից դեպի իրական բիզնես անցնելու ճանապարհին կարևոր քայլերից մեկը, թերևս, ընկերության գրանցումն է: Հայաստանում ընկերություն գրանցելու համար անհրաժեշտ է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հայտ՝ ընկերության հիմնադիր և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: Գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես թղթային տարբերակով՝ այցելելով գործակալության գրասենյակ (հասցե՝ Հայաստան, 0051, Երևան, Կոմիտասի պող., 49/3 շենք, 9-րդ հարկ), այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ www.e-register.am հարթակի միջոցով:

Այսօր Հայաստանում ընկերության գրանցումն իրականացվում է «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը նշանակում է, որ ընկերության անվանման գրանցումը, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացումը և ընկերության ընդհանուր գրանցումն իրականացվում է որպես մեկ գործընթաց` մեկ միասնական հայտ ներկայացնելու միջոցով: Հայտը ներկայացնելուց հետո պետական ռեգիստրի գործակալությունն ընկերության պետական գրանցման վերաբերյալ որոշումը կայացնում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Բոլոր այն դեպքերում, երբ ընկերության գրանցման հայտը ներկայացնելիս դիմորդը որպես հիմք օգտվել է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, գրանցումն իրականացվում է անմիջապես:

Իրավաբանական անձի պետական գրանցման համար պետական տուրք սահմանված չէ: Ընկերություն գրանցելու համար սահմանված ընթացակարգի մասին ինֆորմացիան և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նմուշային ձևերն առկա են պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում (www.e-register.am):

Ընկերության առցանց գրանցում

Էլեկտրոնային տարբերակով ընկերության գրանցումը բավականին արագ է և պարզ: Անհրաժեշտ է նախ որպես www.e-register.am հարթակի օգտատեր գրանցվել համակարգում և այնուհետև լրացնել նոր ընկերության գրանցման հայտը՝ հետևելով համակարգի հրահանգներին:

Գրանցման համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված տեղեկատվությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու այն, մինչև դիմումը հանձնելը։ Պահանջվող տեղեկություններն ու փաստաթղթերը ներկայացնելուց հետո համակարգը ստուգում է դիմողի մուտ­քա­գրած տվյալները։ Պետական մարմինների տվյալների էլեկտրոնային բազաների հետ անհամապատասխանության դեպքում դիմողը համակարգի կողմից անմիջապես համապատասխան հաղորդագրության միջոցով ծանուցվում է դրա մասին։

Ընկերության պետական գրանցման համար պահանջվող բոլոր տեղեկությունները և փաստաթղթերը պատշաճ հանձնելուց հետո դիմորդը գրանցման համակարգի կողմից անմիջապես ստանում է 12-նիշանոց համար, որը նրան հնարավորություն է տալիս հետևելու և տեղեկանալու գրանցման ամբողջ ընթացքի մասին։

Հայտի լրացման և ընկերության տվյալների մուտքագրման գործընթացը համակարգում ներկայացված է ըստ առանձին 10 քայլերի.

Քայլ 1. Հայտը ներկայացնողի տվյալների լրացում / Դիմորդն ընտրում է՝ հայտը ներկայացնում է որպես հայտատու, ընկերության հիմնադիր, թե գործարար մարմի ղեկավար և լրացնում իր տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան թիվ, անձնագրի տվյալներ, հասցե և այլն):

Քայլ 2. Ընկերության անվանման ընտրություն / Ընկերության անվանումը նշվում է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ընկերության անվանումն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այդպիսին արդեն չի ստացել պետական գրանցում կամ շփոթություն չի առաջացնում՝ գրանցված այլ ապրանքային նշանի հետ:

Քայլ 3. Տվյալներ գտնվելու վայրի վերաբերյալ / Նշվում է ընկերության հիմնադրման ամսաթիվը և իրավաբանական հասցեն, որը հանդիսանում է նաև համապատասխան հարկային տեսչությունում հաշվառման հասցեն:

Քայլ 4. Տվյալներ գործունեության վայրի ու տեսակների վերաբերյալ / Լրացվում է ընկերության գործունեության իրականացման փաստացի վայրի հասցեն (առկայության դեպքում) և նշվում է ընկերության տնտեսական գործունեության համապատասխան ոլորտ(ներ)ը:

Քայլ 5. Տվյալներ հիմնադիրների վերաբերյալ / Լրացվում է հիմնադիրների կազմը: Նշվում է անուն, ազգանուն, ծննդյան թիվ, անձնագրի տվյալներ, հասցե, կոնտակտային տվյալներ և այլն:

Քայլ 6. Կանոնադրական կապիտալի նշանակում / Նշվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը՝ ՀՀ դրամով, և լրացվում է, թե ընկերության հիմնադիրներից յուրաքանչյուրի բաժնեմասը որքան է կազմում:

Քայլ 7. Տվյալներ գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ / Լրացվում է գործադիր մարմնի ղեկավարի տվյալները, մասնավորապես, տեսակը՝ ֆիզիկական թե իրավաբանական անձ, պաշտոնը և համապատասխան տվյալները:

Քայլ 8. Էլեկտրոնային ստորագրություն / Եթե ընկերության հիմնադիր(ներ)ը ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա դնում է էլեկտրոնային ստորագրություն, թե ոչ՝ ապա այլ քայլը կարող է բաց թողնել:

Քայլ 9. Անհրաժեշտ փաստաթղթեր / Կցվում են պետական գրանցման (հաշվառման) համար անհրաժեշտ փաստաթղթերը: Որոշ փաստաթղթերի դեպքում կարելի է օգտվել համակարգում ներկայացված ձևանմուշներից կամ կցել այլ տարբերակ: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ դիմումը, ընկերություն հիմնադրելու մասին որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կողմից, ընկերության հաստատված կանոնադրությունը, տեղեկություններ գործադիր մարմնի ղեկավարի մասին:

Քայլ 10. Տվյալների ստուգում / Տվյալները ըստ պահանջի և պատշաճ լրացնելուց հետո ընկերությունը գրանցվում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում և դիմորդին տրվում է Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական: Դրանում նշված է լինում նաև հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ-ն: Այդ պահից սկսած ընկերությունը համարվում է գործող: