Categories: Guides

5 կոպիտ սխալ, որն անում են ծրագրերի ղեկավարները

Յուրաքանչյուրս էլ ունի սխալներ թույլ տալու իրավունք, սակայն կան սխալներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ բիզնեսի հետագա զարգացման  վրա։ Հատկապես, եթե դուք հանդիսանում եք ծրագրի ղեկավար և հաշվետու եք ձեր թիմին։

Այս հոդվածում մենք կխոսենք այն հինգ հիմնական սխալի մասին, որն անում են ծրագրի ղեկավարները։

Սխալ №1. Ծրագրի ղեկավարը միայն տեղեկատվություն է փոխանցում՝ առանց այն վերամշակելու

Իհարկե, ծրագրի ղեկավարը հանդիսանում է իր թիմի և պատվիրատուի միջև կապող օղակ։ Հետևաբար նա պետք է երկու կողմին էլ փոխանցի համապատասխան տեղեկատվությունը։ Սակայն ծրագրի ղեկավարները հաճախակի մոռանում են, որ պետք չէ սահմանափակվել միայն տեղեկատվության փոխանցմամբ։ Նրանք պետք է կարողանան այդ տեղեկատվությունը մշակել, ապա նոր փոխանցել հասցեատերերին։

Ծրագրի ղեկավարը հաճախակի, առանց տեխնիկական կողմերը հասկանալու, փոխանցում է պատվիրատուին ծրագրի մասին տեղեկատվությունը։ Պարզ է, որ պատվիրատուի մոտ ծագում են հարցեր, որոնց պատասխանը վերջինս չգիտի։ Եվ ստացվում է այնպես, որ ծրագրի ղեկավարը հավելյալ պետք է դիմի ծրագրի տեխնիկական թիմին՝ տեղեկատվությունը ճշտելու համար։

Լուծումն հետևյալն է. պետք է ստեղծել երկու երկխոսության պատուհան՝ ներքին՝ թիմի անդամների համար և արտաքին՝ պատվիրատուի համար։ Դրանք կօգնեն քննարկել բոլոր անհասկանալի դրույթները ներսում, ապա նոր ուղարկել ամբողջական ծրագիրը պատվիրատուին։

Սխալ №2. Պատասխանատվության զգացումի բացակայություն

Ծրագրի ղեկավարն այն անձն է, ով համարվում է նախագծի հաջողության ողջ պատասխանատվության կրողը։ Այդ իսկ պատճառով նա պետք է ոչ միայն առաջադրանքներ տա թիմի անդամներին՝ առանց հետևելու դրանց կատարման ընթացքին, այլ վերահսկի ողջ պրոցեսը։

Սխալ №3. Ավելորդ հուզականություն

Ծրագրի ղեկավարն այն մարդն է, որ պետք է վերահսկի թիմի հուզական վիճակը։ Պատահում է, որ պատվիրատուն խիստ է, ներկայացնում է անհնարին թվացող պահանջներ և այլն, իսկ ղեկավարն իր հերթին սկսում է բողոքել թիմին։  Այնինչ՝ պետք է լինի հակառակը, թիմը պետք է չիմանա պատվիրատուի հետ ծագած դժվարությունների մասին։ Ծրագրի ղեկավարը պետք է փորձի ինքնուրույն շտկել բոլոր խնդիրները՝ միևնույն ժամանակ պաշտպանելով թիմի յուրաքանչյուր անդամի շահերը։ Թիմին պետք է փոխանցել միայն դրական տեղեկատվություն, որ չընկնի թիմի պատրաստակամությունը։

Սխալ №4 Վախ

Ծրագրի ղեկավարները սովորաբար վախենում են պատվիրատուներին տեղեկացնել ընթացքում ծագած խնդիրների մասին։ Եվ վերջում, ծրագրիրը չգիտես ինչու ձախողում է։ Պետք է հիշել, որ պատվիրատուն նույնպես անհանգստանում է ծրագրի համար, և պետք չէ վախենալ նրան էլ տեղեկացնել խնդիրների մասին։ Նա կարող է օգնել։

Սխալ №5. Սխալ հաղորդակցության կառուցում

Ծրագրի ղեկավարը հաճախակի չի կարողանում պատվիրատուին ուղղված հարցը ճիշտ ձևակերպել։ Նա պետք է նախապես կանխատեսի իր հարցին պատասխանները և դրանց հնարավոր տարբերակները։

Այսպես կարելի է զգալիորեն խնայել թանկարժեք ժամանակը։

Հիշե՛ք՝ չկան վատ պատվիրատուներ, կա սխալ կառուցած հաղորդակցություն։

Share