Ի՞նչ պետք է անի ստարտափը հաջողության հասնելու համար։ Որո՞նք են այն նախնական քայլերը, որոնք տանում են դեպի հաջորդ մակարդակ։ Այս հարցերի պատասխանն ունի ամերիկյան հեղինակավոր «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը, ով անդրադարձել է այն հիմնական կետերին, որոնց հետևելով, սկսնակ ընկերությունները կարող են դառնալ հաջողած ստարտափ։
«StartHub»-ը առանձնացրել է այդ դրույթները, որոնք և կներկայացնի այս հոդվածում։
Պրոդուկտ
Հաջողության առաջին և որոշիչ գրավականը լավ մշակված պրոդուկտն է։ Պրոդուկտը պետք է լինի այնքան լավը, որ մարդիկ ցանկանան այն ոչ միայն ձեռք բերել, այլ պատմել դրա մասին իրենց ընկերներին։ Սեմ Ալթմանը նշում է, որ շատ ստարտափներն իրենց աքսելերատորի ներկայացուցիչներին հարցնում են՝ ո՞րն է հաջողության գաղտնիքը՝ ցանկանալով ստանալ այլ պատասխան։ Բայց միակ պատասխանը՝ պրոդուկտն է։ Վերջինս իր ելույթում բերում է Google-ի, Facebook-ի օրինակները. երկուսի մասին էլ մեզ պատմել են հենց մեր ընկերները։ Մարդիկ նոր բան իմանալուն պես առաջինը հենց ընկերներին են դա պատմում։ Բացի այդ, լավ պրոդուկտը պետք է լինի հասկանալի և պարզ։ Այսինքն՝ մարդիկ պետք է հասկանան՝ ի՞նչ են գնում։ Եթե պրոդուկտը ընկալելի չէ լսարանի կողմից, ապա դրա պահանջարկը ուղղակի բացակայում է։
Իրական և մտացածին
Պրոդուկտը պետք է լինի իրական, ոչ՝ վիրտուալ։ Մարդիկ սիրում են շոշափել, կիրառել և փորձարկել այն ինչ, գնում են։ Սեմ Ալթմանը նորից բերում է արդեն iPhone-ի օրինակը։ Երբ այդ բրենդի հեռախոսները դեռ նոր էին դուրս եկել, մարդիկ թերհավատորեն էին վերաբերվում այդ մոդելներին։ Դա էր պատճառը, որ այդ տարի ընդամենը 2 մլն մարդ էր գնել այդ հեռախոսները։ Սակայն, մարդիկ սկսեցին դրանք օգտագործել ու հասկացան, որ արժե դրանց մասին պատմել նաև ընկերներին։
Ռազմավարություն
Ստարտափի հիմնադիրը պետք է գիտակցի, որ իր հավատը և ճիշտ ընտրած ռազմավարությունը որոշիչ են ստարտափի հաջողության համար։ Նա պետք է կարողանա ճիշտ ռազմավարություն ընտրել՝ մամուլը ներգրավելու համար։ Եվ, ստարտափի նկատմամբ իր հավատով վարակի թե՛ ներդրողներին, թե՛ հետաքրքրված կազմակերպություններին։
Աշխատակիցներ փնտրելու մասին
Ստարտափների թիվն օրեցօր ավելանում է, և թիմում տաղանդավոր մարդկանց հավաքելը դառնում է բավականին դժվար։ Հետևաբար, ստարտափի հիմնադիրը նախևառաջ պետք է մտածի այնպիսի հետաքրքիր գաղափարի և այն իրականացնելու ռազմավարության մասին, որ կարողանա այդ տաղանդավոր մարդկանց ներգրավել իր թիմ։
Վստահություն
Հաջողության հասնելու մեկ այլ գրավականը վստահությունն է։ Ստարտափի հիմնադիրը պետք է լինի այնքան վստահ և ունենա հեռանկարային տեսլական, որ կարողանա շատ ճիշտ ու համոզիչ ներկայացնել իր գաղափարն ուրիշներին։
Այս առանձնահատկությունը գրավում է լավագույներին։
Թիմը
Լավատեսներ
Ստարտափի հաջողության մեկ այլ գաղտնիքը թիմն է, ավելի շուտ՝ թիմում եղած տրամադրվածությունը։ Կարևոր է, որ այստեղ հավաքված լինի լավատեսների մի հզոր բանակ, որը չի ընկրկի անգամ բացասական արձագանքների պարագայում։
Գաղափարներ գեներացնող մարդիկ
Թիմում պետք է լինեն մեկ կամ երկուսը, ովքեր կարողանում են մշտապես նոր գաղափարներ առաջարկել։
Գործից չհրաժարվող մարդիկ
Շատերը կարող են ասել, որ որևէ հավելյալ առաջադրանք դուրս է իրենց հիմնական պարտականություններից։ Ուստի թիմում պետք է ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր միշտ պատրաստակամ են կատարելու յուրաքանչուր առաջադրանք։
Մրցակցային առավելություն
Ստարտափի հիմնադիրը պետք է հստակ իմանա իր ստարտափի մրցակցային առավելությունների մասին, որ կարողանա ստանալ ներդրում։
Ճկունություն
Ստարտափը պետք է կարողանա շատ արագ փոփոխության ենթարկել ռազմավարությունը՝ համաձայն օրեցօր փոփոխվող շուկայի պահանջներին ։