33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։
Ալթմանը գրում է նախաբանում. «Մեր ընկերությունը ստարտափների հետ շփվելու բավական մեծ փորձ ունի, քանի որ մենք նաև տրամադրում ենք խորհրդատվություն։ Այդ փաստը ինձ դրդել է գրել մի ուղեցույց, որտեղ ես ձեզ հետ կկիսվեմ բոլոր այն խորհուրդներով, որոնք մենք տալիս ենք մեզ դիմած ստարտափներին»։
Y Combinator աքսելերատորի նախագահի խոսքով, հաջողած ստարտափ ունելանու համար անհրաժեշտ է ունենալ մեծ գաղափար, պատկերացում կազմել շուկայի մասին, հիանալի թիմ հավաքել, մտածել աշխատող պրոդուկտ և այդ ամենը կարողանալ լավ ներկայացնել։
Մենք ևս չենք խախտի հաջորդականությունը և կսկսենք գաղափարից։
Գաղափար. Մաս առաջին
Ալթմանը պատմում է, որ իրենց դիմած ստարտափից առաջինը հետաքրքրվում են երկու բանով՝ ի՞նչ են ստեղծել և ինչո՞ւ։
«Մենք ակնկալում ենք հստակ և հակիրճ պատասխաններ։ Հենց Ձեր պատասխանն է թույլ տալիս պատկերացում կազմել ձեր մասին։ Կարևոր է, երբ ներկայացնողը կարողանում է հստակ ներկայացնել գաղափարը։ Եթե ձեր գաղափարն անհասկանալի է թե՛ ներդրողին, թե՛ ապագա սպառողին, ապա խնդիրը բարդ ներկայացնելու մեջ պետք է փնտրել», – գրում է Ալթմանը։
Երկրորդ հարցը, որը տալիս են Y Combinator-ում, սպառողի մասին է։
Նրանց համար շատ կարևոր է պարզել, արդյոք դուք արդեն պատկերացում ունեք ձեր թիրախային լսարանի մասին, թե՞ ոչ։
Եթե ընկերությունն արդեն ունի որոշակի քանակությամբ օգտատեր, ապա աքսելերատորի ներկայացուցիչները խնդրում են հստակեցնել վերջիններիս թիվը և աճի տեմպը։
«Այսպես մենք փորձում ենք պարզել՝ սիրու՞մ է հաճախորդը Ձեր պրոդուկտը, թե՞ ոչ։ Մեզ նաև հետաքրքիր է իմանալ, արդյոք այդ օգտատերերը Ձեզ եկամուտ բերու՞մ են»,- պարզաբանում է Սեմ Ալթմանը։
Եթե Դուք չունեք հաճախորդ, ապա Y Combinator-ի նախագահը առաջարկում է երկու հնարավոր տարբերակ։ Նշեմ, որ սա արվում է պրոդուկտի կենսունակությունը պարզելու համար։
Հետևաբար, կա երկու ճանապարհ. գործարկել նախատիպը և հետևել զարգացման ընթացքին, կամ վաճառքի հանել այն։ Առաջինը արվում է, երբ գործ ունես անմիջապես սպառողի հետ, երկրորդը՝ այլ ընկերության։
Ըստ Ալթմանի, ճիշտ է, երբ ձեր գաղափարը զարգացման փուլում ունենա հաճախորդների գնահատականը։ Հատկապես, եթե դուք զբաղվում եք կենսատեխնոլոգիական և hard պրոդուկտի արտադրությամբ։ Այս պարագայում նախևառաջ պետք է զրուցեք հավանական հաճախորդների հետ՝ ունենալով նախատիպի փոքր խմբաքանակ, հետո նոր միայն զբաղվեք մեծածավալ արտադրանքով։
Կարևոր է լավ հասկանալ հաճախորդների ցանկությունը, ապա նոր գնահատել գաղափարը։
«Մենք նաև հիմնադիրներին հարցնում ենք՝ ինչո՞ւ են ցանկանում իրենց սեփական ընկերություններն ունենալ։ Բացի այդ, չեն պատրաստվում արդյոք հետագայում դառնալ մենաշնորհային ընկերություններ։ Քանի որ մենք չենք ցանկանում, որ ընկերությունը դրսևորի անբարեխիղճ պահվածք մրցակիցների նկատմամբ: Փոխարենը, մենք փնտրում ենք այնպիսի ընկերություններ, որոնք կդառնան ավելի հզոր և իրենց դժվար կլինի կրկնօրինակել»,- ընդգծում է Սեմ Ալթմանը։
Եվ վերջում նա և իր գործընկերները փորձում են հասկանալ, թե որքա՞ն մեծ և արագ է զարգանալու ստարտափի ընտրած շուկան։ Եվ ի՞նչ կլինի այդ շուկայի հետ տասը տարի անց։
«Այսպես մենք փորձում ենք հասկանալ, արդյոք ստարտափը ճիշտ շուկա է ընտրել պրոդուկտի համար», – նշում է Y Combinator» աքսելերատորի նախագահ։
Շարունակելի…