Օրերս SmartGateVC ֆոնդը պաշտոնապես հայտարարեց նոր ծրագրի՝ «Landed»-ի մեկնարկի մասին։ Այս նախագծի նպատակն է աշխարհի տարբեր երկրներում ՏՏ ոլորտում հաջողություն գրանցած հայերին ինտեգրել Հայաստանում գործող տեխնոլոգիական համայնքին։
Այս նախագիծը հնարավոր չէր լինի առանց LegatumX ընկերության տնօրեն և համահիմնադիր, GRÜV ստարտափի հիմնադիր և տեխնիկական ճարտարապետ Արմեն Ռոստամյանի՝ դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս գնելու հանկարծակի որոշման։
Մինչ այդ Արմեն Ռոստամյանը 10 տարիների ընթացքում աշխատել է ՏՏ ոլորտում։ Նա զբաղեցրել է մի շարք տեխնիկական պաշտոններ՝ սկսած տեղեկատվական անվտանգության աշխատակիցների ղեկավարից մինչև գլխավոր տեխնոլոգ։ Բայց մի օր որոշել է հրաժարվել այս ամենից և վերադառնալ Հայաստան։
Վերջինիս հետ ունեցանք բացառիկ հարցազրույց`պարզելու Հայաստան վերադառնալու դրդապատճառները, Սիլիկոնյան Հովտում ունեցած փորձի մանրամասները և հայկական ստարտափների մասին նրա գնահատականը։
-Ինչպես գիտենք, դուք Սիլիկոնյան հովտում աշխատելու բավականին մեծ փորձ ունեք։ Այսպիսով, ինչո՞ւ որոշեցիք թողնել ՏՏ ոլորտի զարգացած կենտրոններից մեկը և տեղափոխվել Հայաստան։
– Պատասխանը բաղկացած է երկու մասից։ Առաջինը, պետք է նշեմ, որ սփյուռքում հայերս փորձում ենք պահպանել և պաշտպանել մեր ազգային արժեքները և ինքնությունը։ Ուստի միշտ երազել եմ վերադառնալ հայրենիք։ Այո, դա հնչում է շատ հայրենասիրական և ռոմանտիկ, բայց ճշմարտությունը սա է: Երբ հնարավորություն ստեղծվեց գալ Հայաստան, ես անշուշտ պետք է օգտվեի նման առիթից։ Ես ուղղակի գնեցի մեկ ուղղությամբ տոմս և վերադարձա։ Այս պահի դրությամբ արդեն հասցրել եմ դիմել քաղաքացիության համար, բացել եմ բանկային հաշիվ և այլն։ Սա նշանակում է, որ ես մնում եմ Հայաստանում։ Եվ երկրորդ, վերադարձել եմ, որ հնարավորինս աջակցեմ հայկական ստարտափներին։ Հիմա ես Hero House-ում հենց դրանով եմ զբաղված՝ փորձելով փոխանցել իմ ունեցած փորձը այստեղ գտնվող սկսնակ ընկերություններին։ Բացի այդ, այստեղ մենթորի կարգավիճակում եմ և շաբաթական դասընթացներ եմ վարում Blockchains/Tokenomics թեմաներով։ Նաև հեռակա ղեկավարում եմ Լոս Անջելեսում իմ կողմից հիմնած «Grüv» ստարտափը։
GRÜV- ն ապակենտրոնացնում և ժողովրդավարացնում է երաժշտական արդյունաբերությունը:Մենք հույս ունենք, որ մեր ստարտափը հնարավորություն կտա արվեստագետներին գումար վաստակել ապրուստը հոգալու համար՝ առանց ավելորդ գումար ծախսելու ձայնագրման լեյբլների կամ տեսագրման ծառայությունների համար։ Մենք այլևս չպետք է ունենանք մեկ կենտրոնացված ձայնագրման ստուդիա, այլ ազատ ու անկախ արվեստագետներ և երկրպագուներ։
Մտադրություն կա այստեղ՝ Հայաստանում ևս ունենալ և զարգացնել նման մի բան։
– «Landed» նախագծի շրջանակում ի՞նչ գործունեություն եք ծավալելու։
– Նախ ասեմ, որ Հայաստանում այժմ ՏՏ ոլորտի զարգացման համար շատ լավ ժամանակներ են։ Այստեղ հանդիպել եմ շատ վառ ու խելացի մարդկանց: Սակայն այս ոլորտում փորձի պակաս կա: Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտը նոր է, մինչդեռ նույն Սիլիկոնյան հովտում այն բավականին արագ է զարագանում: Եթե ես աշխատել եմ այնպիսի ընկերություններում, որոնք ունեցել են 20 տարվա փորձ այս ոլորտում, ապա ինչու ես չեմ կարող ունեցածս փորձը փոխանցել այստեղի երիտասարադներին։ Ես ցանկանում եմ կրթել այս լուսավոր, երիտասարդ և եռանդով լի երիտասարդ ինժեներներին, պրոդուկտի մենեջերներին և ձեռնարկատերերին։ Եվ ես այստեղ եմ նաև օգնելու բոլոր նրանց, ովքեր իմ պես ցանկություն կունենան ինտեգրվել հայաստանյան տեխնոլոգիական համայնքին:
-Հավանաբար հասցրել եք շփվել հայկական ստարտափների հետ։ Կարո՞ղ եք թվարկել այն հիմնական սխալները, որոնք անում են նրանք իրենց ելույթներում կամ դրանցից առաջ։
– Իհարկե, որոշ սխալներ նկատել եմ։ Բայց նշեմ, որ դրանք այդքան էլ սխալ չեն, ավելի շուտ՝ փորձի պակաս։ Օրինակ՝ մենք այստեղ մտածում ենք այնպիսի լուծումների մասին, որոնց մասին արդեն մտածել են արևմտյան շուկայում։ Բայց միևնույն ժամանակ դա կարող է լինել առավելություն։ Քանի որ մենք զբաղվում ենք լուծումներ գտնելով այն խնդիրների համար, որոնց մասին ամբողջ աշխարհում չեն մտածել։ Սա հնարավորություն է տալիս ստեղծագործական ազատություն՝ նորարար լինելու համար։
Բացի այդ, նկատածս ամենատարածված սխալներից մեկը՝ ուղղագրական սխալները և քերական վրիպակներն են, որոնք հանդիպում են պրոդուկտի ներկայցաման մեջ։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ հայկական ստարտափները գտնեին մի մարդու, ում համար անգլերենը մայրենի լեզու է և ով ունի շատ լավ խմբագրական հմտություններ։ Նրանք կարող էին ստուգել ներդրողներին կամ մրցույթներում ներկայացվելիք բոլոր նյութերը։
Մի պահ պատկերացրեք, որ ես ներդրող եմ, գտնվում եմ ԱՄՆ-ում, ու ինձ ուղարկում են պրոդուկտի մասին տեղեկատվություն՝ նման սխալներով։ Պարզ է, որ ինչքան էլ հիանալի լինի այդ պրոդուկտը, ես այն լուրջ չեմ դիտարկի և մի կողմ կդնեմ։
Ներկայացումը պետք է լինի անթերի։
– Ի՞նչ եք կարծում՝ Սիլիկոնյան հովտում ո՞ր տիպի ստարտափները կարող են հաջողել։
– Ես մտածում եմ, որ Հայաաստանում հավաքված են շատ խելացի և նորարարական մտածելակերպով մարդիկ։ Մեր ամենամեծ կապիտալը նորարարությունն ու մտավոր սեփականությունն են: Սիլիկոնյան հովտում փնտրում են հենց նման հատկանիշներ ունեցող մարդկանց։
Օրինակ՝ ներկայումս այնտեղ մեծ պահանջարկ ունեն բիոտեխնոլոգիան, մեքենայական ուսուցումը և արհեստական բանականությունը։ Մասնավորապես, ԱԲ-ը շատ ավելի հետաքրքիր է դարձել, քան նախկինում։ Նեյրոգիտությունը նույնպես մեծ պահանջարկ ունի։ Մեծ ուշադրություն են դարձնում փոքր hardware իրերին, որոնք միջինը տասն անգամ արագացնում են տվյալների փոխանցումը։
Մարդիկ սկսել են շատ մեծ ուշադրություն դարձնել իրենց տվյալներին: Այսպիսով, եթե որևէ մեկը որոշի զբաղվել դրանցով, այսինքն՝ մտածի այնպիսի սարք, որի միջոցով կարելի է ստանալ խելացի արժեքավոր տեղեկատվություն տվյաներից, նա կարժանանա Սիլիկոնյան հովտում մեծ ուշադրության։
Նաև նկատել եմ, որ մենք «հավելվածների» դարաշրջանից անցում ենք կատարում նորից դեպի նոր ծրագրային սարքավորումների։
Որպես օրինակ բերեմ հայկական «Grovf» ստարտափին, որը ստեղծում է փոքր, սակայն արդյունավետ սարքավորում, որը արագացնում է տվյալների կատարողականությունը միջինից տասն անգամ արագ։
Լուսանկարը տրամադրել է Արմեն Ռոստամյանը
Անահիտ Լալայան