Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպե՞ս գրավել վենչուրային կապիտալ ֆինանսավորում․ 3 խորհուրդ սթարթափներին
Guides 16/02/2019 07:20

Սթարթափների համար վենչուրային ֆինանսավորումն անփոխարինելի և, կարելի է ասել, ամենաարդյունավետ տարբերակն է բիզնես-նախագծի իրագործման ճանապարհին, քանի որ վենչուրային հիմնադրամներն, ըստ էության, տրամադրում են ոչ միայն կապիտալ, այլ նաև ուղղորդում են բիզնեսի ռազմավարության մշակման, պոտենցյալ հաճախորդների ներգրավման  և մի շարք այլ հարցերում:

Գործնականում սթարթափի համար այնքան էլ դյուրին չէ գրավել վենչուրային ներդրողի հետաքրքրությունն ու ստանալ ֆինանսավորում: Այդ է պատճառը, որը սթարթափների համար շատ կարևոր է լավ տեղեկացված լինել վենչուրային ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ և պատկերացնել գործարքի ընդհանուր պայմաններն ու հնարավոր խոչընդոտները: Ստորև ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն սթարթափների գրավել վենչուրային կապիտալ ֆիանսավորում:

1. Լիովին պատկերացնել վենչուրային ֆինանսավորման գործընթացը

Վենչուրային ֆինասավորման գործընթացը ճիշտ հասկանալու համար կարևոր է իմանալ, որ որպես կանոն վենչուրային ներդրողներն իրենց ներդրումային որոշումները կայացնելիս առաջնորդվում են 3 հիմնական չափորոշիչներով՝ ընտրելով դրանցից որևէ մեկը կամ միաժամանակ համադրելով 2-ը, երբեմն նաև՝ 3-ն էլ: Այդ չափորոշիչներն են․

→ Տնտեսության առանձնահատուկ ոլորտ (վենչուրային ներդրողները նախընտրում են «մասնագիտանալ» կոնկրետ ոլորտներում, դա կարող է լինել, օրինակ, ծրագրային ապահովում, թվային մեդիա, կենսատեխնոլոգիա և այլն)

→ Սթարթափի ֆինանսավորման փուլ (որոշ վենչուրային ներդրողներ ֆինանսավորում են միայն սաղմնային (seed) փուլում գտնվող սթարթափներին, մինչդեռ մյուսները՝ զարգացման հաջորդական որևէ փուլում գտնվող ընկերություններին)  

→ Աշխարհագրական պատկանելիություն (վենչուրային ներդրողները գերադասում են իրենց ներդրումները կենտրոնացնել ըստ աշխարհագրական տարածքի)

Նախքան ֆինանսավորում ստանալու նպատակով որևէ վենչուրային հիմնադրամին դիմելը սթարթափն առաջնային պետք է ուսումնասիրի՝ արդյո՚ք որպես ստարտափ բավարարում է տվյալ վենչուրային ներդրողի ներդրումային չափորոշիչներին: Եթե ոչ, ապա ապարդյուն է դիմել, իսկ եթե այո, ապա հաջորդիվ արդեն անհրաժեշտ է ձեռնարկել հնարավոր ամեն քայլ՝ վենչուրային ներդրողի ուշադրությունը գրավելու համար: Այսօր վենչուրային հիմնադրամները չունեն ներդրումային հնարավորությունների պակաս․ միայն էլեկտրոնային փոստով ուղարկվող առաջարկների քանակը օրական գերազանցում է մի քանի տասնյակը: Նման պայմաններում մեծանում է այն սթարթափի հաջողության հնարավորությունները, որը կարողանում է փնտրել և գտնել վենչուրային ներդրողի հետ անձնական շփման տարբերակ, ինչը կարող է լինել, օրինակ, ընդհանուր գործընկերների, ծանոթների միջոցով: Այս դեպքում սթարթափը բացառիկ առավելություն է ստանում՝ վենչուրային ներդրողին լավագույնս ներկայանալու։  Սթարթափի համար կարևոր է նաև գիտակցել, որ վենչուրային կապիտալի ներգրավումը բավականին ժամանակատար գործընթաց է, որը ենթադրում է բազում հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ:

2. Մանրամասն ուսումնասիրել վենչուրային ֆինանսավորման մտադրությունների թերթիկը

Գրեթե միշտ վենչուրային կապիտալ ֆինանսավորումը առաջնային ամրագրվում է մտադրությունների թերթիկով (term sheet), որը կազմում է վենչուրային ներդրողը և ներկայացնում սթարթափին: Մտադրությունների թերթիկը կարևոր փաստաթուղթ է, քանի որ այն վկայում է, որ վենչուրային հիմնադրամը լուրջ է տրամադրված և պատրաստակամ է անցնել ներդրումների իրավաբանական ձևակերպմանը: Մտադրությունների թերթիկում նշվում են վենչուրային ֆինանսավորման կարևորագույն կետերը, որոնք են, մասնավորապես՝ տնտեսական կողմը (օրինակ՝ սթարթափի գնահատում), վերահսկողության կողմը ( օրինակ՝ տնօրենների խորհրդի կազմ, ներդրողի իրավունքներ): Մտադրությունների թերթիկը ենթակա չէ պարտադիր կատարման՝ բացառությամբ որոշ դրույթների, որոնք վերաբերում են տվյալների գաղտնիությանը: Չնացած դրան, սթարթափի համար շատ կարևոր է ներդրողների հետ բանակցությունների փուլում մեծ ուշադրություն դարձնել մտադրությունների թերթիկին և դրանով սահմանվող ընդհանուր կետերին: Նման մոտեցումը հնարավորություն կտա խուսափել խնդիրներից, որոնք կարող են ի հայտ գալ հետագայում՝ ֆինանսական հարաբերությունները կարգավորող փաստաթղթերում: Գոյություն ունի մտադրությունների թերթիկի ձևաչափի մի քանի մոտեցում, և անկախ այն փաստից, մտադրությունների թերթիկը կազմվել է որպես մանրամասն փաստաթուղթ, թե մեկ էջի շրջանակերում ամփոփում է միայն կարևոր կետերը, սթարթափի համար այն առաջին լուրջ փաստաթուղթն է, և սթարթափը պետք է այն մանրամասն ուսումնասիրի և համոզվի, որ իր համար անհասկանալի կամ թերի կողմեր չկան:

3. Իրականացնել բիզնես-նախագծի բազմակողմանի գնահատում

Բիզնես-նախագծի գնահատումը կարևոր խնդիր է ոչ միայն հենց սթարթափի, այլ նաև վենչուրային ներդրողի համար: Սովորաբար սթարթափի գնահատումը անվանում են «կանխավճարային արժեք»՝ հաշվի առնելով, որ դա այն համաձայնեցված արժեքն է, որն ընկերությունն ունի մինչև կապիտալի ներգրավումը: Այսպես օրինակ, եթե վենչուրային ներդրողը ցանկանում է կատարել $5 մլն ներդրում, իսկ սթարթափի «կանխավճարային արժեք» գնահատվել էր $15 մլն, ապա դա նշանակում է, որ սթարթափի «հետվճարային արժեք» կազմում է $20 մլն, և ներդրողները ակնկալում են ֆինանսավորման փակման փուլում ստանալ ընկերության 25%-ը (5/20): Սթարթափի գնահատումն ավելի շատ կողմերի միջև բանակցային գործընթաց է, և չկա ընդհանուր բանաձև կամ մեթոդ, որը կարելի է հիմք ընդունել: Պարզ է, որ սթարթափը ցանկանում է ունենալ որքան հնարավոր է բարձր արժեք, իսկ վենչուրային ներդրողը՝ հակառակը: Այս երկկողմ բանակցություների գործընթացի համար կան ընդհանուր գործոններ, որոնցով սթարթափը պետք է առաջնորդվի: Այդ գործոններն են․

→ Սթարթափի հիմնադիրների փորձն ու նախկինում ունեցած բիզնես հաջողությունները

→ Թիրախային շուկայի ծավալները

→ Սթարթափի կողմից առաջարկվող նորարարությունը

→ Նախնական ձեռքբերումներն, օրինակ՝ արդեն հաստատված գործնական կապեր, հաճախորդներ և այլն

→ Նվազագույն կենսունակ արտադրանքի ստեղծման մասով գրանցած առաջընթացը

→ Բիզնես-մոդելի հնարավորությունն՝ ապահովելու շարունակական եկամուտ

→ Բիզնես-մոդելի գրավչությունը՝ կապիտալի արդյունավետության ապահովման տեսանկյունից

→ Մրցակից/համադրելի ընկերությունների գնահատականը

→ Այլ ներդրողների հետաքրքրվածությունը սթարթափով

→ Ընթացիկ տնտեսական միջավայրը

Յուրաքանչյուր սթարթափ ինքնատիպ է, և արժեքն էլ կախված է բիզնես-նախագծի բազմակողմի գնահատականից: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սաղմնային փուլում սթարթափի արժեքը տատանվում է $1-$5 միլիոնի սահմաններում: