Starthub Armenia-ն, Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի շարք գործընկերների հետ կազմակերպել էր առցանց հանդիպում էկոհամակարգերի ճարտարապետ, ներդրող Կարեն Գյուլբուդաղյանի հետ։ Կարենը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանն է և առանցքային խորհրդականը։ Սան Ֆրանցիսկոյում գործող խորհրդատվական մասնագիտացված ընկերության՝ «Strategic Value Ventures»-ի համահիմնադիրն է: Երկար տարիներ աջակցում է ստարտափերին, կիսվում իր խորհուրդներով և փորձառությամբ՝ նպաստում նոր գաղափարների իրագործմանը։ Կարենը օգնում է հայկական ստարտափներին դուրս գալ Սիլիկոնային հովիտ և համաշխարհային շուկա։ Berkeley SkyDeck աքսելերատորը այդ ճանապարհին նրա անփոխարինելի գործընկերն է: Երբ Կարենը միացավ SkyDeck-ի խորհրդականների թիմին, հայկական ստարտափները աքսելերատոր բերելը և զարգացնելը նրա համար դարձավ առաջնահերթություն։ SkyDeck–ը միակ հարթակն է Հայաստանի համար, որ պատրաստում է ստարտափներին դեպի միջազգային շուկա։
Կարեն Գյուլբուդաղյանը հանդիպման ընթացքում պատմել է ինչպե՞ս հայտնվել Բերքլի SkyDeck աքսելերատորում, խորհուրդներ, մասնագիտական կարծիք, հաջողելու բանաձև առաջին դեմքից և դիմելու ընթացակարգ քայլ առ քայլ։
Berkeley SkyDeck աքսելերատորը մեկնարկում է 2020թ. աշնանային շրջանի ընդունելությունը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 8-ն էր, բայց հանդիպման ընթացքում ուղիղ եթերում Կարենը հրապարակեց եզակի ինֆորմացիա հայկական ստարտափների համար, նշելով, որ վերջնաժամկետը երկարացվելու է մինչև օգոստոսի 15-ը։
SkyDeck մուտք են գործել այնպիսի հայկական ստարտափներ, ինչպիսիք են Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris և AimHub-ը։ Հենց Կարենի ակտիվ աշխատանքի շնորհիվ է, որ SkyDeck-ում Հայաստանը ներկայացված 30-ից ավելի երկրների շարքում առաջատար:
«Berkeley SkyDeck աքսելերատորը վերջին 3 տարիների միակ հարթակն է, որտեղ ամեն տարի ներկայացվել է 1-2 հայկական թիմ։ Մեծ ֆինանսական ռեսուրսներ ու թիմեր ունեցող երկրեներն անգամ նման հնարավորություն չունեն։ Այս աշխատանքը մեծ ազդեցություն ունի հայկական էկոհամակարգի և Հայաստանի վրա։ Թիմերը իրենց տաղանդի և տեխնոլոգիաների շնորհիվ, այս հարթակի օգնությամբ ստացել են արդեն 11 մլն-ից ավելի ներդրումներ ԱՄՆ-ի և Եվրոպայի թոփ VC-ներից։ Այդ գումարը ներդրվել է Հայաստանում։ Ստեղծվել են արդեն 200 բարձր որակի և բարձր աշխատավարձով աշխատատեղեր»,-հանդիպման ընթացքում պատմել է Կարենը։
Հանդիպմանը միացել էր նաև AimHub ստարտափի հիմնադիր Գևորգ Սողոմոնյանը։
AimHub-ը մեքենայական ուսուցման հարթակ է, որը նպատակ ունի փոխել ավելի քան $30 միլիարդ արժեցող ոլորտը` խնայելով AI ինժեներների ժամանակի 40%-ը և բացահայտելով AI-ի առավելությունները տարբեր ոլորտներում: Գևորգի ընկերությունը արդեն մուտք է գործել SkyDeck և աջակցություն է ստանում։ Գևորգն էլ պատմել է իր փորձառության և Berkeley SkyDeck աքսելերատորի նշանակության մասին։
«Շատ կարևոր ու արդյունավետ հարթակ է. այն տարիս է եզակի փորձ։ Այս ցանցում լուրջ հնարավորություններ կան։ Բերքլին բավականին ուժեղ է կոնկրետ ուղղություններով, հատկապես գիտության, Deep tech, AI ոլորտներում։ SkyDeck աքսելերատորը, համեմատած այլ աքսելերացիոն ծրագրերի հետ, շատ մեծ պոտենցիալ ունի»,- պատմել է Գևորգը։
Առցանց Հանդիպման գործընկերներն են Սրաթեջիք Վելյու Վենչուրս (SVV), Հայաստանի Ստարտափ Ակադեմիան, Beeline Ստարտափ Ինկուբատորը, Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA), Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամ (FAST), Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնը, Գրանատուս Վենչուրս Հիմնադրամը, ՀԱՀ Ձեռներեցության և Պրոդուկտների Նորարարության Կենտրոնը (EPIC), BAJ աքսելերատորը, Օրիոն Արմենիա-ն։