Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
MVP կառուցելու 5 առավելությունները, որոնք կօգնեն սթարթափին հասնել հաջողության
Guides 01/09/2020 17:32

Սթարթափի հաջողության կարևոր և որոշիչ գրավականներից մեկը նվազագույն կենսունակ արտադրանքն է՝ MVP-ն (minimum viable product): Այն օգնոում է սահուն, առանց «անակնկալների» մուտք գործել շուկա: Գաղափարից մինչև վերջնական պրոդուկտ շղթայում MVP-ն այն օղակն է, որի շնորհիվ սթարթափը կարող է խնայել ֆինանսական միջոցներ:

Ըստ վիճակագրության՝ սթարթափների գրեթե կեսն իրենց գործունեության առաջին տարիներին մատնվում են անհաջողության: Շատ դեպքերում պատճառը շուկայական պահանջարկի պակասն է և բացթողումները՝ պրոդուկտի թիրախային սպառողների ու նրանց նախասիրությունների գնահատման հարցում: Սթարթափների հիմնադիրներին հաջողվում է աստիճանաբար լուծել այս խնդիրները՝ երբեմն ձախողումների երկար ճանապարհ անցելուց հետո միայն: Գրեթե անհնար է առաջին անգամ սթարթափ մեկնարկել և ամենասկզբից ճիշտ ենթադրություններ, կանխատեսումներ ու գնահատականներ տալ վերջնական պրոդուկտի վերաբերյալ:

Բազմաթիվ քննարկումներ ու ուսումնասիրություններ են արվել՝ գտնելու համար այն լավագույն միջոցները, որոնք կօգնեն հնարամիտ սթարթափներին նվազագույն ռիսկերով և առավելագույնս հաջող մուտք գործել շուկա: Այս քննարկումների արդյունքում ձևավորվել են սթարթափների աշխարհին բնորոշ մի քանի հիմնարար հասկացություններ: Դրանցից մեկն էլ նվազագույն կենսունակ արտադրանքն է՝ MVP-ն:

Ի՞նչ է MVP-ն: MVP-ն պրոդուկտի ֆունկցիոնալության այն հնարավոր ամենափոքր համախմբությունն է, որը կարող է ինքնուրույն գործել որպես առանձին արդյունք և լուծելով նվազագույնը մեկ հիմնական խնդիր՝ ներկայացնել պրոդուկտը: Այս կերպ ասած՝ MVP-ն պրոդուկտի մինիմալիստական, լավ աշխատող տարբերակն է, որը լուծում է շուկայի որևէ հստակ պահանջ: Այն պետք է առաջին հայացքից պատկերացում տա, թե ինչ է առաջարկում վերջնական պրոդուկտը: MVP կառուցելու գլխավոր նպատակը հնարավոր նվազագույն ռեսուրսներ ծախսելով շուկայից առավելագույն արձագանք ու հստակ պատկերացումներ ստանալն է: MVP-ի կառուցումն առաջարկում է 5 կարևոր առավելություն, որոնք օգնում են կայանալու որպես հաջող սթարթափ:

Առավելություն #1. Պրոդուկտի օգտատերերի ավելի լավ ճանաչում

Սթարթափային բիզնես մոդելի գլխավոր սկզբունքներից մեկը կենտրոնացումն է դեպի սպառողը: Եթե սթարթափը լավ չի հասկանում իր սպառողին, ապա սթարթափի համար վատ ժամանակներն անխուսափելի են: Պրոդուկտի մշակմանը զուգընթաց պետք է ընթանա նաև սպառողների ներգրավումը: Սա է հաջողության գրավականը, և MVP-ն կառուցվում է բացառապես այս նպատակի համար: Օգտագործեք MVP-ն սպառողներից կարծիքներ հավաքագրելու, թիրախային սպառողներին բացահայտելու և ստացված արդյունքների հիման վրա պրոդուկտի ֆունկցիոնալությունը հստակեցնելու ու զարգացնելու համար: Նախքան պրոդուկտում բոլոր ռեսուրսները ներդնելը վստահ եղեք, որ լավագույնս բացահայտել եք՝ ինչ է ուզում սպառողը, և պրոդուկտը համահունչ է շուկայի պահանջարկին:

Առավելություն #2. Կենտրոնացում հիմնական գաղափար-հիփոթեզի վրա

Որպես սթարթափի հիմնադիր Դուք միշտ կունենանք հետաքրքիր գաղափարների, համարձակ մտքերի երկար ու անընդհատ թարմացվող ցանկ, թե ինչպիսին ենք տեսնում վերջնական պրոդուկտը: Այնուամենայնիվ, MVP-ի կառուցման փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ միայն մեկ կամ երկու հիմնական գաղափարների շուրջ, եթե ցանկանում եք ունենալ իրականում արդյունավետ MVP: Կարևոր է հանել ավելորդ ամեն բան, որպեսզի MVP-ն ներկայացնելիս վստահ լինեք՝ սպառողին հասկանալի է սթարթափի գաղափար-հիփոթեզը:

Առավելություն #3. Գումարի և ժամանակի խնայում

MVP-ն կօգնի սթարթափին փրկվել «խորտակվելուց», նախքան «ջուրը» մտնելը: Որքան քիչ գործառույթներ ընդգրկվեն MVP-ի կառուցման ժամանակ, այնքան քիչ գումար և ժամանակ կպահանջվի սթարթափից շուկա դուրս գալու համար, և այնքան ավելի արագ հնարավոր կլինի հասկանալ շուկայի տրամադրվածությունը:

Առավելություն #4. Խուսափում «Կատարյալ բիզնես պլան» մոլորությունից 

Բիզնես պլանները հազվադեպ են «ողջ» մնում սպառողների հետ առաջին շփումից հետո: Պրոդուկտը ամիսներով մանրամասն պլանավորելու ու հետազոտելու փոխարեն պարզապես կառուցեք MVP և սկսեք այն կատարելագործել՝ համաձայն շուկայի կարիքների: Ունենալով արդեն աշխատող նվազագույն և առանց ավելորդ ծանրաբեռնվածությամբ պրոդուկտ՝ կարելի է ներկայանալ շուկային և արդեն համաձայն ստացվող արձագանքների՝ աշխատել պրոդուկտի ընդլայնման ուղղությամբ:

Առավելություն #5. Խուսափում «մեր պրոդուկտին սա էլ է պետք» թակարդից

Պրոդուկտի ամբողջ ֆունկցիոնալության ու հատկությունների ճշգրիտ ընտրությունը բարդ ու երկարատև գործընթաց է: Փորձը վկայում է՝ MVP կառուցել և դրա վրա աստիճանաբար նոր հնարավորություններ ավելացնելն ու փորձակելն արդյունավետ լուծում է: Սեղծեք MVP և որոշեք հետագա քայլերը՝ կախված սպառողների արձագանքներից: Դրանք կարող են ուղղորդել՝ մեծ կամ փոքր փոփոխություններ անել պրոդուկտում, աստիճանաբար ավելացնել նոր ֆունկցիոնալություն: Մի փորձեք հենց ամենասկզբից ծանրաբեռնել պրոդուկտը՝ ձգտելով զարմացնել սպառողին: Կառուցեք MVP և կատարելագործեք այն՝ ելնելով շուկայի արձագանքներից և սպառողների նախասիրություններից: