Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
3 պարզ քայլ՝ ինչպե՞ս հավաքել լավ թիմ
Guides 18/11/2020 17:17

Եթե Դուք սթարթափի հիմնադիր եք և փնտրում եք խելացի երիտասարդների, որոնք կհավատան Ձեր սթարթափի գաղափարին ու ոգևորվածությամբ կմիանան Ձեր թիմին՝ օգնելու իրագործելու սթարթափի նպատակները, ապա կարևոր է աշխատանքի ընդունման գործընթացի կենտրոնում պահել սթարթափի պրոդուկտն ու այն, թե ինչպես է այդ պրոդուկտը ծառայում սպառողներին ու լավացնում նրանց կյանքը: Միայն նման մոտեցման դեպքում սթարթափը կարող է ներգրավել թիմակիցների, որոնք իրապես հավատում են սթարթափի պրոդուկտի հաջողությանը, այլ ոչ թե աշխատանք փնտրելիս առաջնահերթությունը տալիս են արտոնություններին ու հավելավճարներին:

Վերջին տարիներին աշխատակիցների ներգրավման ամենատարածված մարտավարություններից մեկը խելացի երիտասարդներին տարաբնույթ արտոնություններով գրավելն է: Մասնավորապես, ՏՏ ընկերությունները մեծ ակտիվությամբ առաջարկում են բազմապիսի արտոնություններ, ինչպես օրինակ՝ խաղասենյակներ, հանգստի սենյակներ, անսահմանափակ վճարովի արձակուրդներ, ճկուն աշխատանքային ժամեր և այլն: Այս արտոնությունները լավ են, բայց հաճախ կարող են «կախարդել» մարդկանց: Բայց արդյո՞ք Ձեր սթարթափը փնտրում է թիմակիցների, որոնց գրավում են աշխատանքային արտոնություններն, այլ ոչ թե բուն աշխատանքն ու թիմային աշխատանքի վերջնական արդյունքը:

Պարզ է, որ աշխատակիցների հավաքագրման գործընթացի նպատակն է գտնել խելացի, մասնագիտական որակավորմամբ անհատների, որոնք կօգնեն ընկերությանն աճել, հասնել հաջողությունների ու առաջ շարժվել: Աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ արտոնությունների վրա շեշտադրումը չի կարող օգնել սթարթափին գտնել պրոդուկտի հաջողությանը հավատացող ու նվիրված թիմակիցների: Փոխարենը, սթարթափը պետք է իր շուրջը հավաքի մարդկանց, որոնց միավորում ու ոգևորում են ընկերության առաքելությունն ու նպատակները: Սթարթափի հաջողության գրավականը հիմնարար գաղափարին ու պրոդուկտին նվիրված թիմն է:

Ցանկացած պրոդուկտ լուծում է ինչ-որ խնդիր: Օրինակ, խաղալիքները ստեղծվում են երեխաներին ուրախացնելու համար: Համակարգչային ծրագրերն ու հավելվածները ստեղծվում են, որ օգնեն անհատներին ու բիզնեսներին առավել լավ կառավարել իրենց կյանքն ու գործունեությունը: Լավ պրոդուկտը միշտ կգտնի սպառում, իսկ ահա լավագույն պրոդուկտը կդառնա մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը: Սա է, որ սթարթափի թիմը պետք է գիտակցի, և թիմի յուրաքանչյուր անդամ պետք է հստակ պատկերացնի իր դերը լավագույն պրոդուկտը ստեղծելու հարցում:

Սթարթափի գաղափարին նվիրված թիմակիցներ ունենալու համար անհաժեշտ է, որ աշխատանքի ընդունման գործընթացի կազմակերպման ու հարցազրույցների ժամանակ թեկնածուներին լավագույնս ներկայացվեն ընկերության պրոդուկտը, առաքելությունն ու նպատակները: Կա 3 քայլ, որ կարող է օգնել սթարթափին առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքի ընդունման գործընթացը և ներգրավել իդեալական թիմակիցների․

Քայլ 1․ Գրել աշխատանքի նկարագրություն, որը կլինի տարբերվող, գրավիչ և, իհարկե, ոչ շաբլոնային: Պետք չէ օգտագործել ստանդարտ նախադասություններ ու մտքեր, որոնք ոչինչ չեն ասում Ձեր սթարթափի, պրոդուկտի ու ընկերության առաքելության մասին: Աշխատանքի հայտարարությունը պետք է լինի այնպիսին, որ ապագա թեկնածուներին պատկերացում տա, թե որքանով են իրենց հմտություններն ու մտածելակերպը համընկնում Ձեր բիզնեսին: Ցանկալի է, որ աշխատանքի հայտարարությունը պատկերացում տա, թե ինչպիսին ենք Դուք տեսնում իդեալական թեկնածուին, որոնք են Ձեր սպասելիքները, որն է լինելու թեկնածուի դերը, ինչ մարտահրավերներ են սպասվում:

Քայլ 2․ Ձևավորել ու պահպանել թիմային մտածելակերպ, մշակույթ ու աշխատանքային յուրահատուկ մթնոլորտ: Միայն լավ գիտելիքներն ու բարձր որակավորումը բավարար չեն, որ թեկնածուն ընդունվի աշխատանքի: Կարևոր է, որ թիմի յուրաքանչյուր նոր անդամ իր բնավորությամբ ու մտածելակերպով համապատասխանի արդեն ձևավորված աշխատանքին միջավայրին ու ընկերության առաքելությանը: Հարցազրույցների ժամանակ կարևոր է հասկանալ թեկնածուի բնավորության առանձնահատկությունները, նրա նախասիրությունները:

Քայլ 3․ Գնահատել՝ որքանո՞վ է թեկնածուն հետաքրքրված Ձեր պրոդուկտով: Աշխատանքի ընդունման գործընթացի կարևոր մաս կարող են կազմել սթարթափի պրոդուկտի և թեկնածու ապագա աշխատանքի հետ ուղղակիորեն կապված իրական առաջադրանքները: Նման առաջադրանքները պահանջում են լուծել կոնկրետ խնդիրներ և թույլ են տալիս պատկերացում կազմել թեկնածուի հետաքրքրվածության, պատրաստակամության ու հմտությունների մասին: Այն փաստը, որ պարզապես ինքնակենսագրական ուղարկելուց բացի թեկնածու պատրաստ է ժամանակ տրամադրել և փորձել լուծել իր առջև դրված կոնկրետ խնդիրներ, շատ բան կարող է ասել թեկնածուի մասին: