Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչպե՞ս ստեղծել լավ լոգո սթարթափի համար
Guides 30/11/2020 13:26

Չնայած դիզայներ չեք, բայց մտածո՞ւմ եք ինքնուրույն ստեղծել Ձեր սթարթափի համար լոգո: Մասնագետները խորհուրդ են տալիս այս հարցում ռիսկի չդիմել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե լոգոն «փոքր բան է», բայց այսօր արդեն ապացուցելու որևէ կարիք չկա՝ լավ մտածված, նախագծված ու մշակված լոգոն կարող է մեծ նշանակություն ունենալ ընկերության հաջողության հարցում, մինչդեռ սարսափելի վատ լոգոն կարող է կործանել սթարթափը: Այո, այսօր շատ հիմնադիրներ փորձում են ինքնուրույն ստեղծել իրենց սթարթափերի լոգոները: Հազվադեպ, բայց լինում են հաջող ու գեղեցիկ արդյունքներ: Իհարկե, ինքնուրույն լոգո նախագծելը կարող է ֆինանսական միջոցներ խնայելու լավ տարբերակ լինել սթարթափի հիմնադիրների համար, սակայն դա այն եզակի բաներից է, որ ցանկալի է վստահել համապատասխան մասնագետներին:

Պարզվում է, կան ընդհանուր սխալներ, որոնք թույլ են տալիս սթարթափի հիմնադիրները, երբ փորձում են ինքնուրույն ստեղծել իրենց լոգոները: Մասնագետներն ուսումնասիրել և առանձնացրել են լոգոյի դիզայի ամենատարածված և հաճախ հանդիպող սխալները: Դրանք են․

Սխալ 1. Մտածել, որ «ընդամենը լոգո է» և ոչինչ ավելին: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ պետք չէ թերագնահատել լոգոյի ուժը: Լոգոն ընկերության բրենդի հիմքն է, այստեղից է ծնվում ընկերության «ինքնությունը»: Մտածեք, որ լոգոն Ձեր սթարթափի դեմքն է, և իհարկե չեք ցանկանա, որ այն լինի տգեղ:

Սխալ 2.  Ընդօրինակել մրցակիցներին: Մասնագետները վստահեցնում են՝ սովորել մրցակիցներից միշտ կարելի է, կրկնել նույնը՝ երբեք: Փոխարենը, սթարթափի համար կարևոր է փորձել տարբերվել: Լոգոն պետք է լինի նմանը չունեցող ու հիշվող: Հաջող լոգոների օրինակներն, անշուշտ, կարող են ոգեշնչել, որպեսզի ստեղծագործական ճկուն մտքի ու մասնագիտական գիտելիքների արդյունքում ստեղծվի բոլորովին նոր արդյունք:

Սխալ 3․ Ինքնուրույն ստեղծել լոգո: Մասնագետները կարծում են, որ սթարթափի հիմնադիրը, եթե համապատասխան մասնագետ կամ դիզայներ չէ, չպետք է փորձի ինքնուրույն ստեղծել լոգո: Սա այն հարցն է, որը պետք է թողնել մասնագետներին ու դիզայներներին․ խորհրդակցել նրանց հետ, լսել նրանց կարծիքը, վստահել նրանց: Սա է միակ ճիշտ տարբերակը, եթե ցանկանում ենք ունենալ կայուն ու հզոր բրենդ: Բրենդինգի հարցում գումար խնայելը հեռատեսական չէ:

Սխալ 4․ Փորձել ամեն ինչ ներառել լոգոյի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ չբարդացնել: Գեղեցկությունը պարզության մեջ է: Լոգոյի դիզայնը չպետք է լինի ծանրաբեռնված, շատ տարրերով․ դա միայն կխանգարի:

Սխալ 5․ Մոռանալ սպառողների կարծիքի մասին: Մասնագետները պնդում են՝ կարևոր է հարցնել ու հետևել սպառողների կարծիքներին: Սա ցանկացած դիզայն-նախագծի անբաժանելի մասն է: Պետք է վստահ լինել, որ սպառողների շրջանում  լոգոն գտնում է այն արձագանքը, որն իսկզբանե դրվել է լոգոյի նախագծման հիմքում:

Սխալ 6․ Ընտրել ոչ ճիշտ տառատեսակներ ու գույներ: Ոչ բոլոր սթարթափերի հիմնադիրները գիտեն, որ յուրաքանչյուր ոլորտ ու տնտեսության ճյուղ ունի իրեն բնորոշ տառատեսակներն ու գույները: Սխալ տառատեսակն ու գույնը «վնաս է հասցնում» լոգոյի դիզայնին:

Հասկանալի է, որ սթարթափերը չեն կարող իրենց թույլ տալ մեծ գումարներ ծախսել, որպեսզի վարձեն փորձառու դիզայներների թիմ իրենց լոգոյի նախագծման ու մշակման համար: Որպես սթարթափի հիմնադիր՝ Դուք կարող եք ներդրումներ կատարել Ձեր գիտելիքներն ու ունակությունները զարգացնելու ուղղությամբ, և եթե հստակ գիտեք՝ ի՞նչ ենք ուզում և պատկերացնում ենք՝ ինչպե՞ս դա անել, ապա կարող եք անցնել գործի: Կան սկզբունքներ ու խորհուրդներ, որոնց հետևելով կարելի է փորձել ինքնուրույն ստեղծել լոգո և չկրկնել տարածված սխալները․

Խորհուրդ 1․ Քանի դեռ Ձեր սթարթափն աշխատում է MVP (նվազագույն կենսունակ արտադրանք) կառուցելու վրա և դեռևս չունեք սպառողներ, ապա այս փուլում լոգո ունենալը հրատապ չէ: Պետք չէ շտապել ու ստեղծել լոգո՝ պարզապես այն ունենալու համար: Կարելի է այս փուլում լոգոյի շուրջ մտքեր գեներացնել, կատարել ուսումնասիրություններ, փորձել հստակ պատկերացնել՝ ի՚նչ եք ուզում: Հետագայում արդեն փորձել աշխատել դիզայների հետ:

Խորհուրդ 2․ Եթե վերջնականապես որոշել եք ինքնուրույն ստեղծել լոգո, ապա ստեղծեք տառատեսակի վրա հիմնված լոգո: Կան կայքեր, ինչպես օրինակ, dafont.com կամ 1001freefonts.com, որտեղ կարող եք մուտքագրել Ձեր սթարթափի անունը և բազմաթիվ տարբերակներից ընտրել այն տառատեսակը, որը Ձեր կարծիքով ամենալավն է համապատասխանում Ձեր սթարթափին: Հետագայում արդեն, երբ սթարթափը հաջողություն գրանցի, կարող եք գումար ներդնել լոգոյի պատշաճ դիզայն ունենալու համար:

Խորհուրդ 3․ Կարևոր է կատարել ուսումնասիրություններ, վերլուծություններ՝ նախքան կսկսեք ստեղծել Ձեր լոգոն: Կարևոր է հասկանալ սթարթափի գործունեության ոլորտի առանձնահատկությունները, ուսումնասիրել մրցակիցների լոգոները, ծանոթանալ հաջողված լոգոների ստեղծման պատմություններին:

Խորհուրդ 4․ Լոգոն պետք է լինի պարզ, և ոչ թե բարդ ու ծանրաբեռնված: Լոգոյի դիզայնի հարցում գործում է կարևոր օրենք՝ որքան պարզ, այնքան լավ: