Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Ի՞նչ անել ու ի՞նչ չանել, եթե ուզում եք ունենալ հուսալի օնլայն թիմ
Guides 27/12/2020 20:25

Արդյունավետ ու համախմբված օնլայն թիմ ունենալու փաստով կարող են հպարտանալ ոչ բոլոր, ավելի ճիշտ՝ շատ քիչ սթարթափներ: Այսօր, երբ հեռավար աշխատանքը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, առավել կարևոր ու հրատապ է լավ օնլայն թիմ ունենալը: Պարզվում է, կա մի քանի ընդհանուր, տարածված սխալ, որոնք թույլ են տալիս սթարթափների հիմնադիրները, երբ փորձում են հավաքել օնլայն թիմ իրենց բիզնես նախագծի իրագործման համար:

Եթե Դուք սթարթափի հիմնադիր եք և մտածում եք՝ ինչպե՞ս ոչ շատ բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել հուսալի, խելացի մարդկանց, որոնք մեծ նվիրումով կմիանան Ձեր օնլայն թիմին ու կօգնեն լավագույնս իրականություն դարձնել սթարթափի գաղափարը, ապա կարևոր է ծանոթ լինել այն հիմնական սխալներին, որոնք մինչ հիմա թույլ են տվել շատ սկսնակ գործարարներ ու սթարթափների հիմնադիրներ, երբ փորձել են հավաքել հեռավար թիմ ու կազմակերպել այդ թիմի աշխատանքը: Այս բոլոր սխալները զգալի դանդաղեցրել են սթարթափների զարգացումը դեպ հաջողություն: Այնպես որ, փորձեք վստահ լինել, որ Ձեր երազանքի թիմը կառուցելիս թույլ չեք տալիս նույն սխալները, և հավատտացած եղեք՝ ավելի արագ կարող եք հասնել հաջողության:

Եվ այսպես, օնլայն թիմ կառուցելու 5 ամենատարածված սխալները․

#1 Դուք հստակ չգիտեք, թե ինչը կարող եք աութսորս անել, ինչը՝ ոչ: Սթարթափների շատ հիմնադիրներ գիտեն, որ իրենց բիզնես գաղափարն իրագործելու համար պետք է հիանալի թիմ, բայց չեն պատկերացնում՝ ի՞նչն է անհրաժեշտ աութսորս անել, այսինքն՝ «հանձնել» օնլայն թիմին: Սա լուրջ բացթողում է: Նախքան սկսելը փնտրել օնլայն աշխատակիցների և նրանց տարբեր առաջադրանքներ տալը, կարևոր է, որ Դուք հստակ պատկերացում ունենաք՝ ինչը կարող եք Դուք, որպես հիմնադիր, ինքնուրույն անել, և ի՞նչ եք ուզում, որ աշխատակիցն անի Ձեր ընկերության համար: Անհրաժեշտ է, որ սթարթափի հիմնադիրը նախ հստակ գրի առնի ամեն մի խնդիր ու առաջադրանք, որն, իր կարծիքով, անհրաժեշտ է լուծել՝ հաջող բիզնես ունենալու համար: Սպասվելիք գործերի ցանկն ունենալուց հետո արդեն կարելի է կոնկրետ առաջադրանքի, կոնկրետ գործի համար փնտրել համապատասխան մասնագետին: Այս սկզբունքով կառուցված օնլայն թիմն անմիջապես կսկսի տալ ցանկալի արդյունքը:

#2 Դուք ավելի շատ մտածում եք հնարավորինս «էժան» թիմ հավաքելու մասին, քան ձգտում եք ունենալ լավագույն օնլայն թիմը: Այո, գայթակղիչ է գումար տնտեսել, երբ խոսքը վերաբերում է օնլայն թիմին, սակայն պետք չէ մոռանալ՝ ստանում եք այն, ինչի համար վճարում եք: Վստահաբար, սթարթափների բոլոր հիմնադիրներն էլ մտածում են հեռավար աշխատակիցների «հաշվին» գումար տնտեսելու մասին: Պարզապես պետք է գիտակցել, որ դա միանշանակ ազդելու է աշխատանքի կատարման ժամանակի ու որակի վրա: Ուղղակի պատրաստ եղեք բավականաչափ ժամանակ տրամադրել՝ Ձեր սթարթափի համար իդեալական աշխատակցին գտնելու համար, որն իր գիտելիքներով ու փորձով լիովին կհամապատասխանի Ձեր պահանջներին, ցանկացած խնդիր կլուծի սահմանված ժամկետներում ու «չի վնասի» սթարթափի բյուջեին:

#3 Դուք չեք կիսվում Ձեր տեսլականով ու սպասելիքներով: Օնլայն թիմակիցներ վարձելիս ոչ բոլոր հիմնադիրներն են կիսվում իրենց անձնական տեսլականով, սթարթափի գաղափարով, առաջիկա սպասելիքներով ու նպատակներով: Նախ, դա շատ կարևոր է, քանի որ միայն այս դեպքում օնլայն թիմի յուրաքանչյուր անդամ հստակ պատկերացում կունենա իր դերի, աշխատանքի ու սպասվող արդյունքների մասին: Բացի այդ, որքան լավ է հասկանում թիմի անդամը սթարթափի հիմնադրի միտքն, այնքան ավելի պատասխանատու է զգում «ընդհանուր գործի» հաջողության համար:

#4 Դուք չեք նախապատրաստում օնլայն թիմին: Միակ ճանապարհը, որ Ձեր սթարթափը կարող է հաջողության հասնել առանց էական ձախողումների, դա ժամանակ տրամադրելն է և օնլայն թիմի անդամներին պատշաճ կերպով նախապատրաստելն է: Սթարթափի հիմնադրի համար կարևոր է վստահ լինել, որ օնլայն թիմը տեղյակ է սթարթափի շուրջ աշխատանքի կազմակերպման բոլոր գործընթացներին, գործիքակազմին, պատկերացնում է կատարվելիք աշխատանքը, սահմանված ժամկետները:

#5 Դուք ուշադիր չեք հետադարձ կապին: Պետք չէ լինել մեկը, որը շատ է տարված սթարթափի շուրջ իր անձնական գաղափարներով, պատկերացումներով, մտքերով ու չի լսում մեկ ուրիշ կարծիք: Եղեք այն հիմնադիրը, որը պատրաստ է լսել իր աշխատակիցներին: Հաճախակի հարցրեք նրանց կարծիքը: Դա, անշուշտ, կզարգացնի ամբողջ թիմի ստեղծագործական միտքը, կբարձրացնի թիմի աշխատանքի արդյունավետությունը, և չի բացառվում, որ հենց թիմի ներսում ծնվի սթարթափի մեկ այլ հիանալի գաղափար: